
Գնեք ստուգված միս

Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը 168.am-ին հայտնեց, որ մսամթերքի շուկայում ուսումնասիրությունները շարունակվում են, իսկ այն վայրերում, որտեղ սիբիրյան խոցի վտանգ կա, ծառայությունն աշխատում է ուժեղացված հսկողությամբ:
Նրա խոսքով՝ պետք չէ խուսափել մսամթերք գնելուց, պարզապես նասպառողներին կոչ արեց պահանջել մսի փորձաքննության վերաբերյալ համապատասխան մարմնի կողմից տրված փաստաթուղթը:
Հարցին, թե մինչ այժմ վտանգավոր դեպքեր չեն գրանցվե՞լ, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց. «Փաստեր չունենք, բայց նաև լիովին բացառել չենք կարող»:
Գյուղնախարարության աշխատակիցը նաև ավելացրեց, որ մսամթերքի վաճառքով զբաղվող ոչ բոլոր տնտեսվարողները փորձաքննություն անցկացնելու պայմանագիր ունեն: Խնդիրը արդիական է հատկապես մարզերում:
Ավելացնենք, որ չնայած հայտարարություններին, թե վարակի օջախ հանդիսացող Գեղարքունիքի մարզից մսամթերք դուրս չի բերվում, սպառողների շրջանում դեռևս մտավախություններ կան: