Գալուստ Սահակյանը «պրոֆիլակտիկայի» է ենթարկում դիմակավորված պատգամավորներին

Այսօր ԱԺ-ում 2013թ. պետական բյուջեի  նախագծի քննարման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե «տեսագրումն ու խոսափողը երբեմն դիմակավորում են բոլորիս, մասնավորապես՝ մարդիկ խոսում-խոսում են՝ միջանցքում մի ուրիշ բան, էստեղ՝ մի ուրիշ»:

168.am-ը Գ. Սահակյանից հետաքրքրվեց, թե ո՞ր պատգամավորներին էր վերաբերում իր ակնարկը:

«Եթե ասելու լինեի՝ ամբիոնից կասեի»,- ի պատասխան, ասաց Գ. Սահակյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ նման բան հայտարարեցիք, եթե չէիք ասելու, թե դա ում է վերաբերում, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Որովհետև նման դեպքերում նախ զգուշացնում ես, որ ամեն ինչ պարզ է: Այսինքն` խնդիրը հետևյալը չէ, որ մարդկանց մատնանշես: Խնդիրը հետևյալն է, որ էդ գործընթացներն ընդհանրապես չլինեն, ավելի լուրջ մոտենան: Այսինքն` ավելի կարևորը պրոֆիլակտիկան է, քան մարդկանց խարազանելը, որ ամեն ինչ նկատելի է, ամեն ինչ զգում ենք, ամեն ինչ տեսնում ենք»:

Կարդացեք նաև

Մեր դիտարկմանը, թե տպավորությունն այնպիսին էր, որ Ձեր «պրոֆիլակտիկ ուղերձն» ավելի շատ ուղղված էր ընդդիմությանը, Գ. Սահակյանը ասաց. «Տպավորությունն այլ բան է, ես ընդհանուր հռետորիկա եմ օգտագործել, որ ժամանակն է դիմակները հանելու, ժողովրդի մոտ կանգնել այնպես, ինչպիսին դու ինքդ ես»:

Իսկ հարցին, թե այդ պրոֆելակտիկ հայտարարությունից հետո կեցվածքի փոփոխություններ նկատե՞լ եք «այդ մարդկանց» մոտ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Դա միանգամից չի կարող արտահայտվել, բայց ժամանակի ընթացքում, կարծում եմ` կարտահայտվի, որովհետև միայն ես չեմ խոսում այդ մասին: Այդ մասին խոսում են նաև պատգամավորներ, քաղաքական գործիչներ, կայքեր, սոցիալական կայքեր»:

Տեսանյութեր

Լրահոս