Բուհերը հրաժարվե՞լ են Գագիկ Ծառուկյանի օգնությունից
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էյֆիաջյանի հայտարարությունը ԱԺ-ում:
«Տարիներ շարունակ խոսվում է գիտելիքահեն տնտեսություն կառուցելուց և յուրաքանչյուր տարի պետբյուջեից միլիոնավոր դրամներ են հատկացվում ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար, սակայն յուրաքանչյուր տարին ամփոփելուց միայն հետընթաց ենք արձանագրում:
Կառավարության ասված խոսքի և կատարած գործի համադրությունը չի համապատասխանում մեկը մյուսին:
Գրագետ և հեռանկարային ռազմավարություն մշակելուց հետո հնարավոր կլինի հաղթահարել այն ծանր իրավիճակը, որն առկա է մեր երկրում:
Ժողովրդի բարոյահոգեբանական ծանր կարգավիճակը, աշխատատեղերի բացակայությունը պահանջում են անհապաղ և բեկումնային փոփոխություններ` տնտեսության կառավարման ոլորտում:
Ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառներից է անարդարության մթնոլորտը, որի դրսևորման օրինակներից է ուսանողների ստացած 5000 դր. կրթաթոշակը:
Շուրջ մեկ տասնամյակ առաջ ուսման վարձավճարը շատ ավելի քիչ էր, որքան որ հիմա է, սակայն այսօր, երբ ԲՈՒՀ-երի ուսման վարձավճարը կազմում է մի քանի հարյուր հազար դրամ, իսկ որոշ դեպքերում գերազանցում է նաև մեկ միլիոնը, ուսանողները շարունակում են ստանալ նույն 5000 դրամ կրթաթոշակը:
Մենք լավագույնս ուսումանսիրել ենք ոլորտում առկա խնդիրները և հստակ պատկերացնում ենք ուսանողներին ցուցաբերվող օժանդակության անհրաժեշտությունը:
Զավեշտալի էր, երբ նոյեբերի 17-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից ամենամյա կրթաթոշակների տրամադրման գործընթացի շրջանակներում գրություններ ուղարկվեցին ԲՈՒՀ-երին, որտեղ առաջարկվում էր յուրաքանչյուր ԲՈՒՀ-ից անվանական կրթաթոշակի ներկայացնել ուսման մեջ առաջադիմությամբ աչքի ընկող, առավել կարիքավոր և հասարակական ակտիվությամբ առանձնացող, անկախ կուսակցության պատկանելիությունից` ուսանողների տվյալներ, որն այդպես էլ մնաց անարձագանք:
Մի՞թե մեր երկրում չկային ուսանողներ, որոնք համապատասխանում էին վերը թվարկված պահանջներին և կարող էին օգտվել տրամադրվող օգնությունից:
Ոլորտում տիրում է բարձիթողի վիճակ:
Հայերեն լեզվով մասնագիտական գրականության սակավությունը և ԲՈՒՀ-երի տված անբավարար գիտելիքներն ու տնտեսության մեջ մասնագիտական կադրերի անմրցունակ լինելը փաստում են՝ Շանհայան վարկանիշում, աշխարհի հեղինակավոր 500 ԲՈՒՀ-երի ցանկում հայաստանյան, նույնիսկ, մեկ ԲՈՒՀ չկա:
Այս իրավիճակից դուրս գալու և երկիրը հզորացնելու, ժամանակակից աշխարհին համահունչ լինելու համար անհրաժեշտ են մրցունակ կադրեր, որոնք վաղը պետք է հանդիսանան այսօրվա ուսանողները, իսկ նրանց մրցունակ և երկրին պիտանի դարձնելու համար բավարար աշխատանք չի տարվում:
Արդյունքում ունենք արտագաղթի մեծացող տեմպեր, գործազրկություն և հայ մարդու` սեփական երկրի հանդեպ ունեցած վստահության կորուստը:
Իսկ գիտելիքահեն տնտեսությունից խոսելը` մեղմ ասած ավելորդ է»: