«Նախագահական ընտրություններից հետո ՀՀԿ-ն ստիպված ստախոսի դերում կհայտնվի». Երջանիկ Աբգարյան

Դատարկաբանություն է հանձնաժողովի ստեղծման հետաձգումը համարել ՀԱԿ-ՀՀԿ համագործակցության դրսևորում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ անդամ Երջանիկ Աբգարյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հետաձգմանը:

Հիշեցնենք, որ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ և ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչները եկան համաձայնության՝ հանձնաժողովի ստեծման քննարկումները շարունակել փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

«ՀԱԿ-ը պարզապես ընդառաջ է գնացել, հարցի լուծումը հետաձգել երկու ամսով, բայց միայն այն երաշխիքով, որ նախագահական ընտրություններից հետո ոչ մի պատճառաբանություն ՀՀԿ-ի կողմից պետք է չլինի հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ: Սա համագործակցություն չէ, այլ շահավետ համաձայնություն, քանի որ կան երաշխիքներ, որ ընտրություններից անմիջապես հետո կստեղծվի այս հանձնաժողովը»,- ասաց Երջանիկ Աբգարյանը:

Նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք համամի՞տ է ՀԱԿ անդամ, «ՄԻ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանի հայտարարությանը, թե «մեզ զարմացնողը ՀՀԿ-ԲՀԿ-ական «ավազակաիշխանության» հետ Առաջին նախագահի համագործակցությունը չէ, այլ այն, որ նա երեկ ժամանակավրեպ հայտարարեց իր մարտավարության, այն է՝ Ս.Սարգսյանի առաջիկա «հաղթանակի» մասին»:

Կարդացեք նաև

Ի պատասխան, պարոն Աբգարյանն ասաց, թե դա Թորոսյանի անձնական կարծիքն է, և «նման մտածողությունը քաղաքական վերլուծության հետևանք չէ»:

Մեր դիտարկմանը, թե կա նաև հակառակ տեսակետը, ըստ որի՝ իրականում ՀԱԿ-ՀՀԿ համաձայնությունը ՀԱԿ-ի հերթական նվերն է ԲՀԿ-ին, որովհետև ԲՀԿ-ին ձեռնտու չէ ընտրություններից առաջ Մարտի 1-ի թեմայի քննարկումը, ՀՀՇ անդամն այսպես արձագանքեց.

«Կարելի է ասել, որ ամեն օր էլ առաջանում են ջուրը պղտորեցնող մեկնաբանություններ: Ի՞նչ դժվարություն կա մի երկու օր էլ սպասել, որ տեսնենք, թե այդ մարդիկ ի՞նչ են անում: Թե չէ՝ առանց փաստի մեկնաբանում են»:

Երջանիկ Աբգարյանը նաև հավելեց, թե իր կարծիքով՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից հետո էլ «ՀՀԿ-ն ստիպված ստախոսի դերում կհայտնվի, նոր պատճառաբանություններ կգտնի հարցը հետաձգելու համար ու կպահպանի իր նախնական դիրքորոշումը»:

Տեսանյութեր

Լրահոս