Լևոն Զուրաբյանը չի ուզում, որ բանակցությունները տապալվեն

Արդյոք ՀԱԿ-ը քննարկե՞լ է այն հարցը, թե միասնական թեկնածուով նախագահական ընտրություններին մասնակցելու շուրջ վարվող բանակցությունների տապալման դեպքում ՀԱԿ-ը կմասնակցի՞ իր սեփական թեկնածուով՝ հարցին, այսօր ԱԺ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը պատասխանեց, թե այդ հարցն իրենց մոտ չի քննարկվել, քանի որ դեռ դրա ժամանակը չէ:

«Նման մոտեցումը չպետք է բանակցությունների ելակետ ունենանք, քանի որ դրա արդյունքում բանակցությունները կտապալվեն»,-ասում է Զուրաբյանը:

Իսկ այն հարցին, թե ՀԱԿ ներկայացուցիչներ Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը հայտարարում են, որ ՀԱԿ-ը պետք է հանդես գա սեփական թեկնածուով, և այդ թեկնածուն պետք է լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Շնորհակալ եմ, որ Դուք ինձ տեղեկացրեցիք այդ մասին»:

Փաստորեն Լևոն Զուրաբյանը՝ որպես միասնական թեկնածու տեսնում է նաև այլ թեկնածուի, ամենայն հավանականությամբ՝ Գագիկ Ծառուկյանին, այլապես կարող էր հայտարարել, որ ինքը ևս կիսում է խմբակցության հիշյալ անդամների տեսակետը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս