
ԲՀԿ ակտիվն առաջարկել է պարոն Ծառուկյանին թեկնածությունն առաջադրել. Մարտուն Գրիգորյան

Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր , ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի հետ:
– Ինչպե՞ս եք գնահատում երեկ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ մեծամասնական ընտրությունները:
– Նորմալ, հանգիստ ընտրություններ էին, ինչ-որ արտառոց բաներ չկային:
– Ընտրախախտումներ չկայի՞ն:
– Ճիշտն ասած, էդպիսի մանրամասն բաներից տեղյակ չեմ, բայց էդպիսի արտառոց բաներ, որ լինեին՝ անպայման կիմանայինք:
– Ի դեպ, երեկ մամուլում գրվել է նաև այն մասին, որ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը մարդ է գցել ավտոմեքենայի տակ: Տեղյա՞կ եք այդ մասին:
– Տեղյակ եմ էնքանով, ինչքանով մամուլն է տեղեկացրել: Դրանից ավել ինֆորմացիա չունեմ: Երևի ավելի ճիշտ կլինի, որ այդ հարցով դիմեք պարոն Բալասանյանին:
– Իսկ եթե ԲՀԿ-ն չսատարեր ՀՀԿ-ի թեկնածուն, ի՞նչ եք կարծում` հնարավոր էին նման արդյունքներ Գյումրիում:
– Երևի եթե-ներով խոսելը ճիշտ չէ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 35-րդ ընտրատարածքային տարածքի պատասխանատուն հայտարարել է, որ սատարում է: Արդյունքներն արդեն պարզ են, տեսանելի են: Այս պահի դրությամբ չեմ կարող կանխագուշակել, որ եթե «Բարգավաճը» չսատարեր, մոտավորապես ի՞նչ արդյունքներ կարող էին լինել: Այս պարագայում հայտարարությունը եղել է տարածքային խորհրդի կողմից, արդյունքներն էն են, ինչ որ կան:
– Իսկ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն մասնակցելո՞ւ է սեփական թեկնածուով: Ե՞րբ է հրապարկվելու որոշումը:
– Իմ կարծիքով` մի քանի օր հետո արդեն պատասխանը վերջնական լինելու է: Պարոն Ծառուկյանը մեր մարզային խորհուրդներ այցելության ժամանակ և հանդիպումների ընթացքում մարզային խորհուրդների ակտիվն առաջարկել են պարոն Ծառուկյանին թեկնածություն առաջադրելու: Բոլոր կուսակիցներն ուզում են, որ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցի իր սեփական թեկնածուով: