Տիգրան Կարապետյանը ՀՀՇ-ական խաղի ու իր չառաջադրման որոշման մասին
168.am-ի հետ զրույցում թիվ 1 և 35 ընտրատարածքներում կիրակի օրը տեղի ունեցած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունները ԺԿ կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը որակեց որպես «ոչ ազնիվ հաղթանակ»:
«Իմ կարծիքը չի փոխվել, ես միշտ էլ մտածել եմ, որ Հանրապետական կուսակցության բոլորր պատգամավորները, որոնք կուսակցությունից են առաջադրված, կիրառում են բոլոր ռեսուրսները, փողերը, ամեն ինչը, որ հասնեն հաղթանակի»,- ասաց Տ. Կարապետյանը:
Վերջինս համոզված է, որ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններն անցնելու են երեկվա ընտրությունների պես: «Իսկ ո՞վ ասեց, որ տարբերություններ կլինեն: Արդարություն չկա: Արդարությունը մեկնել է Հայաստանից: Եթե 700.000 ձայն իշխանությունը քողարկված ունի, էլ ինչ ասե՞մ, էլ ի՞նչ ընտրություն: Ի՞նչ է՝ Դուք հավատո՞ւմ եք, որ 3 մլն 400.000 մարդ է ապրում Հայատանում: Եթե հավատում եք, ուրեմն` միամիտ եք, եթե ոչ՝ ուրեմն պարզ է, որ 700.000 ձայնը կգումարվի իշխանական թեկնածուի քվեներին»,- մասնավորեցրեց նա:
Կարապետյանը վստահ է, որ այս ամենին դեմ կարող է կանգնել միայն ժողովուրդը, ինչպես դա արվեց Եգիպտոսում կամ Վրաստանում. «Մարդիկ չպետք է սպասեն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ ՀԱԿ-ը կգնան ու, ժողովրդի ներուժը օգտագործելով, կմտնեն խորհրդարան ու հետո ԱԺ-ում կսկսեն ընկերներ փնտրել, ժողովրդի վրա՝ հենվելով խաղան իրենց ՀՀՇ-ական խաղը»:
Տիգրան Կարապետյանը նաև հայտնեց, որ նախագահական ընտրություններում առաջադրվելու իր նախնական որոշումը փոխվել է. «Ես չեմ առաջադրվելու, որովհետև չեմ ուզում գործել անարդար դաշտում: Ես համոզվեցի, որ եթե անընդհատ ձգտում եմ առաջադրվել դառնում եմ մեղսակից: Թող իրենք իրենց մեղքերը գործեն, իսկ ես կմնամ ազնիվ դաշտում՝ միշտ ժողովրդի կողքին, միշտ ժողովրդի հետ»: