Արամ Կարապետյանը ոչ միայն չի առաջադրվելու, այլև որևէ մեկին չի սատարելու

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը 2013թ. նախագահական ընտրություններում չի առաջադրվելու: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Արամ Կարապետյանը:

Վերջինս իր չառաջադրվելու որոշումը բացատրեց նրանով, որ Հայաստանում «ընտրություն» գաղափարը վերանում է: Արամ Կարապետյանի խոսքով՝ իր որոշման «հիմնական ու վերջնական» պատճառներից են նաև կիրակի օրը Երևանի թիվ 1 ընտրատարածքում տեղի ուենցած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունները, որտեղ, ինչպես հայտնի է՝ հաղթանակ էր տարել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին:

«Ավանի երեկվա ընտրությունները ցույց տվեցին, որ ամեն ինչ մնացել է նույնը, որ ընտրություններ չեն լինելու: Երեկ ևս մեկ անգամ համոզվեցի, որ ընտրությունների մասին խոսելն ուղակի անիմաստ է: Մի մարդ, որը քարոզարշավ չի անում ու ստանում է ավելի շատ ձայներ, քան ակտիվ քարոզարշավ իրականացնող թեկնածուն, էլ սրանից հետո ընտրությունների մասնակցության իմաստը ո՞րն է, եթե, իհարկե, մենք մեր մասնակցությամբ չենք ուզում լեգիտիմացնենք Սերժ Սարգսյանին: Իմ իմացածով, իշխանությունն արդեն միշտ 500.000 ձայն ավել ունի: Էլ մասնակցության իմաստը ո՞րն է»,- մասնավորեցրեց նա:

Արամ Կարապետյանը բացառեց այն հանգամանքը, թե «Նոր Ժամանակներ» կուսակցությունը նախագահական ընտրություններում կսատարի այլ ուժի: «Եթե ես կոչ եմ անում բոյկոտելու, էլ ի՞նչ սատարելու մասին է խոսքը: Ես ընդհակառակը՝ հակված եմ մտածելու, որ որևէ լուրջ թեկնածու չառաջադրվի»,- ասաց նա՝ հավելելով, թե ինքը պատրաստվում է քաղաքական բոլոր ուժերի նախագահական ընտրությունները բոյկոտելու կոչ անել՝ հաջորդ նախագահական ընտրություններից առաջ որոշակի փոփոխությունների հասնելու նպատակով:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս