Լիլիթ Հովհաննիսյանի «Ես եմ հորինել» երգն իրական պատմություն էր (տեսանյութ)
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ է տեղադրել, որում պատմում է իր վերջին՝ «Ես եմ հորինել» երգի և տեսահոլովակի մասին: Տեսահոլովակը դիտողները կհիշեն, որ այն սկսվում է հիշեցմամբ, որ տեսանյութն ու երգը ստեղծվել են իրական պատմության հիմքում:
Երգչուհու տեսահոլովակի պրեմիերայից հետո նրա ֆեյսբուքյան պատն անմիջապես ողողվեց մեկնաբանություններով, տեսահոլովակի մասին տարաբնույթ հարցերով: Լիլիթ Հովհաննիսյանը, որպեսզի մեկ առ մեկ չպատասխանի իր երկրպագուներին հուզող բոլոր հարցերին, YouTube-ում մի տեսանյութ է ներբեռնել, որը պատմում է երգի ու տեսահոլովակի ստեղծման մասին:
«Մի աղջիկ ինձ նամակ էր գրել, որի կողքով անտարբեր անցնել չկարողացա: Նամակը սկսվում էր հետևյալ տողերով. «Չգիտեմ, թե ինչո՞ւ եմ գրում ձեզ սրա մասին, բայց միգուցե գրելուց հետո թեթևանա ցավս»: Չգիտեմ՝ որքանո՞վ է ստացվել փոխանցել այն ամբողջ հուզմունքը, որն ինձ պատել էր: Ինձ ամենաշատը հուզել էր այն պահը, որ աղջիկը խանութում զանգահարում է իր ամուսնուն, իսկ նա չի պատասխանում:
Ամեն ինչ՝ երեխայի տարիքը, սեռը, դեպքերի հաջորդականությունը, վերցված է նամակից»,- պատմում է Լիլիթ Հովհաննիսյանը: Ներկայացնելով իր երգի և տեսահոլովակի պատմությունը, երգչուհին նաև շնորհակալություն է հայտնում իր երկրպագուներին՝ ցուցաբերած ակտիվության համար: Նշենք, որ տեսահոլովակի նկարահանումները տևել են 3 օր, իսկ պրեմիերայի ժամանակ երգչուհին համերգային շրջագայության մեջ էր: