
Հնարավոր է` Ջհանգիրյանը հավաստի տեղեկություններ ունի, որ նախագահը փոխվելու է. Հ. Խառատյան

Այսօր Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել մեկ տարով հետաձգել ՀԱԿ խորհրդարանական խմբակցության՝ Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկության քննարկումը: Նման առաջարկությամբ հանդես է եկել հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, իսկ ՀԱԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, առանց առարկությունների, համաձայնել է:
Հարցին՝ ինչպե՞ս կբնորոշեք ՀԱԿ-ի նման գործելաոճը այն պարագայում, երբ իրենք բարձրացնում են հանձնաժողով ստեղծելու հարցը, մեղադրում են իշխանություններին մարտի 1-ի բացահայտման ձգձգումների մեջ և այսօր համաձայնության են գնում այդ նույն իշխանությունների հետ, Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը galatv.am-ի հետ զրույցում պատասխանել է.
«Հնարավոր է` Ջհանգիրյանը հավաստի տեղեկություններ ունի, որ նախագահը փոխվելու է, և հույս ունի, որ 2013 թվականին դա կարող է ազդել խնդրի դրական քննարկումների վրա: Ամեն ինչ հնարավոր է»:
Նաև հավելել է. «Բայց ընդհանրապես ՀԱԿ-ի խուսանավումները, ՀԱԿ-ի պահվածքի սեթևեթանքը ԲՀԿ-ի հետ և այլն, սկզբունքորեն առաջացնում է հենց ձեր իսկ առաջադրած հարցերի վերաբերյալ տարակուսանքներ»:
Խառատյանի խոսքով՝ ի սկզբանե ՀԱԿ-ի հանդեպ մեծ վստահություն չի ունեցել, բայց վերջին 2 տարիներին ընդհանրապես ՀԱԿ-ի պահվածքը որևէ տրամաբանության չի ենթարկվում:
«Եվ ես գերադասում եմ ուղղակի մեկանաբնություններ չանել»,- ասել է Հրանուշ Խառատյանը: