Նոր մանրամասներ՝ Սամվել Բալասանյանի ավտոշարասյան վրաերթից
ԳԱԼԱ-ին հայտնի են դարձել նոր մանրամասներ դեկտեմբերի 1-ի ուշ երեկոյան վրացական Ժդանովական գյուղում տեղի ունեցած մահացու վրաերթի մասին, որը կապվում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի անվան հետ: Հայտնի է, որ նրա շարասյան մեքենաներից մեկն է կատարել վրաերթը:
Վրաստանի Ոստիկանության հասարակության և տեղեկատվության հետ կապերի բաժնից galatv.am-ի թղթակիցը ճշտել է, որ նման դեպք իրականում տեղի ունեցել է:
1933 թվականին ծնված Ռոզա Ներսիսյանին վրաերթի ենթարկելու համար մեղադրվում է Հայաստանի քաղաքացի, Գյումրու բնակիչ Զորիկ Պետրոսյանը, ով Գյումրիի գրանցում ունի, բայց ժամանակավոր բնակություն հաստատել է Վրաստանում:
«Վրաերթի է ենթարկել քաղաքացուն Հյունդաի «Սանտա Ֆե» մեքենայի վարորդը, մեքենայի պետհամարանիշները հայկական են, բայց գաղտնիությունից ելնելով՝ չենք կարող հրապարակել: Վարորդը՝ Զորիկ Պետրոսյանը, ժամանակավորապես բնակվում և աշխատում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում: Վրաերթի ենթարկված քաղաքացին ևս նույն գյուղի բնակիչ է՝ ազգությամբ հայ: Մեքենան ուղևորվելիս է եղել Ախալցխա, և Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում պատահել է վրաերթը»,- galatv.am-ին փոխանցել են Վրաստանի ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Սալոմե Ծերեթելին:
Հիշեցնենք, որ համաձայն տեղեկությունների՝ Բալասանյանի ավտոշարասյունը (նախնական տեղեկություններով 4-5 մեքենա) ուղևորվել է Գարեջրի գործարան: Գյուղի բնակիչները ԳԱԼԱ-ի լրագրողին փոխանցել են, որ նախավերջին մեքենան է հարվածել փողոցն անցնող կնոջը, ով տեղում մահացել է: Ռոզա Ներսիսյանի բնակարանը փողոցի եզրին է, և, ըստ երեւույթին, կինը փողոցը հատելիս է եղել:
Ժդանովական գյուղի բնակիչները նաև պնդել են, որ թեև շքախումբը եղել է Սամվել Բալասանյանինը, սակայն նրա մեքենան չի հարվածել կնոջը:
Ռոզա Ներսիսյանի հուղարկավորությունը կայացել է այսօր: Նշենք, որ մահացածի որդին՝ Մաքսիմ Ներսիսյանը, արտագնա աշխատանքի նպատակով գտնվում էր ՌԴ-ում և դեպքի մասին իմանալուց հետո, նա երեկ գիշեր Մոսկվայից վերադարձել է Հայաստան:
Իսկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը շարունակում է պնդել, որ տվյալ անձնավորությունը՝ Զորիկ Պետրոսյանը, որեէ կապ չունի Ս. Բալասանյանի հետ՝ ո՛չ արյունակցական, ո՛չ ընկերական: