Բալասանյանի շքախումբը մա՞րդ է գցել մեքենայի տակ
ԳԱԼԱ-ի աղբյուրների փոխանցմամբ ՝ դեկտեմբերի 1-ին, ուշ երեկոյան վրացական Ժդանովական գյուղում տեղի է ունեցել մահացու վրաերթ. մահացել է գյուղի բնակիչ Ռոզա Ներսիսյանը:
Ողբերգական այս դեպքը կապվում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի անվան հետ: Համաձայն կայքի տեղեկությունների՝ Բալասանյանի ավտոշարասյունը (նախնական տեղեկություններով 4-5 մեքենա) ուղևորվել է Գարեջրի գործարան: Գյուղի բնակիչները ԳԱԼԱ-ի լրագրողին փոխանցել են, որ նախավերջին մեքենան է հարվածել փողոցն անցնող կնոջը, ով տեղում մահացել է:
Ռոզա Ներսիսյանի բնակարանը փողոցի եզրին է, և ըստ երևույթին, կինը փողոցը հատելիս է եղել:
Ժդանովական գյուղի բնակիչները նաև պնդել են, որ թեև շքախումբը եղել է Սամվել Բալասանյանինը, սակայն նրա մեքենան չի հարվածել կնոջը:
Հայտնի է նաև, որ Ռոզա Ներսիսյանի հուղարկավորությունը կկայանա վաղը: Նշենք, որ մահացածի որդին՝ Մաքսիմ Ներսիսյանը, արտագնա աշխատանքի նպատակով գտնվում էր ՌԴ-ում և դեպքի մասին իմանալուց հետո, այս պահին Մոսկվայից վերադառնում է Հայաստան:
ԳԱԼԱ-ի թղթակիցը փորձել է տեղի ունեցածի վերաբերյալ մանրամասներ ճշտել Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանից, ով նշել է. «Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են, և զարմանալի է, որ նման դժբախտությունը բերում կապում են Սամվել Բալասանյանի հետ: Դեպք հնարավոր է, որ եղել է, բայց բերել-կապել այն Բալասանյանի հետ, դա անընդունելի եմ ես համարում»:
ԳԱԼԱ-ի հարցադրմանը, թե հնարավո՞ր է, որ ղեկին Բալասանյանը չլինի, այլ նրա մտերիմներից, կամ շրջապատից ինչ-որ մեկը, Եգանյանը պատասխանել է. «Ես ասում եմ պարոն Բալասանյանի խոսքը մամուլում, և ես ասում եմ, որ պարոն Բալասանյանի հետ նման բան չի պատահել»: