
«ՈւԱԶ»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է «Մերսեդես G 500»-ին. կան վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր` դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 18.40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ, 35-ամյա Վարդան Պապեյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի 33 ՕT 118 համարանիշի և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ, 54-ամյա Գարեգին Բաբայանի վարած «Մերսեդես G 500» մակնիշի 95 ՏՈ 555 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՈւԱԶ» մակնիշի վարորդ Վ.Պապեյանն ու «Մերսեդեսի» ուղևորուհի, Չարենցավանի բնակիչ, 40-ամյա Գրետա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ «ՈւԱԶ»-ի վարորդը ոչ թույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել, ինչի հետևանքով տեղի է ունեցել բախումը:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Արմեն Իսկանդարյանը:
Քննիչի հանձնարարականով, վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության` պարզելու համար սթափության աստիճանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է` «ՈւԱԶ»-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում:
Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
shamshyan.com