«Բալասանյանը իրեն վերածել է Սերժ Սարգսյանի ստրուկի, նա գցելու փորձ ունի, հիմա էլ գցեց ԲՀԿ-ին». Լ. Զուրաբյան

ԱԺ պատգամավոր, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը galatv.am-ի հետ զրույցում բավականին ուշագրավ հայտարարություն է արել: Ըստ նրա՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով մի քանի օր առաջ իր դիրքորոշումն է հայտնեց Գյումրու թիվ 35 ընտրատարածքում ընտրությունների և առաջադրված թեկնածուների վերաբերյալ, ոչ միայն իր սեփական դիրքորոշումն է արտահայտել, այլև անհարմար վիճակի մեջ է դրել ԲՀԿ-ին և չի ճշտել ոչ ԲՀԿ կենտրոնական գրասենյակի, ոչ առաջնորդի հետ, ավելին, ԲՀԿ-ում բոլորը անակնկալի են եկել այդ հայտարարությունից:

«Ես կարծում եմ, որ Սամվել Բալասանյանը շատ անհարմար վիճակի մեջ դրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Որովհետև այսօր Հայ ազգային կոնգրեսը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ լուրջ բանակցությունների մեջ են, և մենք արդեն գտնում ենք համագործակցության եզրեր և նաև վստահ ենք, որ, եթե կարողանանք համախմբել Կոնգրեսի ռեսուրսը և ԲՀԿ ռեսուրսը, հնարավոր կլինի Սերժ Սարգսյանին պարտադրել հրաժարական, կամ հասնել նրան, որ էս ռեժիմից մենք ազատվենք:

Եվ ահա այդ վիճակում, երբ քաղաքական գործընթացները բավականին սահուն ընթանում են, և մենք ԲՀԿ-ի հետ կարողանում ենք արտահերթ նիստ հրավիրել, այդ քայլերի ֆոնի վրա Սամվել Բալասանյանը անում է մի հայտարարություն, որը ԲՀԿ-ին դնում է շատ անհարմար վիճակի մեջ: Սա նշանակում է, որ Սամվել Բալասանյանն իրեն վերածել է Սերժ Սարգսյանի ստրուկի. նա վարկաբեկում է իրեն, բայց նա այդ փորձն ունի: Ժամանակին ինքը ՕԵԿ-ին գցեց, հիմա գցում է «Բարգավաճ Հայաստանին» և դա կարծես նրա մոտ դարձել է գործելաոճ: Նա անսկզբունքային մարդ է, որը ծառայում է իշխանություններին: Իր ընտրություններում էլ նա երբևէ հակառակորդ չի ունեցել, միշտ ապահովել է մի վիճակ, երբ ընտրակաշառք է բաժանել իր կողմից արտադրված մթերքներից և միշտ էդպես ապահովել իր հաղթանակը: Նա հարգանք չունի Գյումրիում: Բոլորը նրան ընկալում են որպես Սերժ Սարգսյանի շահերի սպասարկող»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս