«Դինո գոլդ»-ում տեղյակ չե՞ն վթարի պատճառների մասին (տեսանյութ)

Քիչ առաջ 168.am-ը փորձեց որոշ պատասխաններ ստանալ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունից այսօր առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում ընկերության պաչատար խողողվակի վթարի մասին, որի հետևանքով թափոնաջրերը լցվել էին Գեղանուշ գետը:

Հիշեցնենք, որ այս մասին տեղեկությունը տարածել էր Iravaban.net կայքը, որտեղ նշվել էր հետևյալը. «Այսօր առավոտյան իրավաբան.նեթ-ը ահազանգ ստացավ Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Արշավիր Խալափյանից այն մասին, որ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի օգտագործման ներքո գտնվող պոչամբարը սպասարկող խողովակաշարը՝ Իրան-Հայաստան միջպետական քաղաքամերձ հատվածում նոյեմբերի 30-ին լույս դեկտեմբերի 1-ի գիշերը վնասվել է, որի հետևանքով խողովակաշարով հոսող թափոնաջրերը նշված ճանապարհով սկսել են հոսել և խառնվել Գեղանուշ գետի ջրերին»:

Ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գայանե Թադևոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, թե վթարի կապակցությամբ դեռևս հետաքննություն պետք է անցկացնեն, և իրենց համար նույնպես անհասկանալի է վթարի պատճառը:

Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ընկերությունում, կարծես, ավանդական են դառնում վթարները՝ հաշվի առնելով, շաբաթներ առաջ ընկերության պոչատարի վթարը, որի համար ընկերությունը տուգանվեց 2,8 մլն դրամով, պատասխանատու Գայանե Թադևոսյանը կրկին մեջբերեց վերոնշյալ պատասխանը, թե դեռ հետաքննություն չեն անկցացրել վթարի պատճառները պարզելու համար:

Կարդացեք նաև

«Դա ավելի շատ սաբոտաժի է նման, մանրամասն, եթե ինչ-որ հետաքննություն վարենք, ապա տեղյակ կպահենք»,- ասաց Գ. Թադևոսյանը:

Քիչ առաջ ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

««Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան տեղի է ունեցել պոչատարից արտահոսք: Արտահոսքի փաստն առաջինը նկատել է ընկերության աշխատակիցը և տեղեկացրել այդ մասին ընկերության ղեկավարությանը, որն էլ իր հերթին տեղեկացրել է այդ մասին համապատասխան պետական կառույցներին և մարմիններին:

Ընկերությունը սկսել է արտահոսքի մաքրման աշխատանքները և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները մաքրման աշխատանքներն ամբողջությամբ իրականացնելու համար:

Մեր նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արտահոսքի հավանական պատճառը սաբոտաժն է: Մեր ընկերությունը խստորեն քննադատում է այս գործողությունը, քանի որ արդյունքում վնաս է հասցվում շրջակա միջավայրին, համայնքին, այնտեղ ապրող բնակիչներին և ընկերությանը: նմանատիպ գործողությունները չեն շեղելու մեզ հնարավորինս լավագույն ընկերությունը դառնալու մեր որդեգրած ճանապարհից:

Ընկերությունը կձեռնարկի բոլոր միջոցառումները օրենսդրական բոլոր պահանջներն իրականացնելու և լավագույն պրակտիկան կիրառելու համար, ինչպես նաև կձեռնարկի բոլոր միջոցներն ապագայում սաբոտաժի նմանատիպ դրսևորումները կանխելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս