«Գոմեշի մսի» գործով մեղադրյալի առողջական վիճակը շարունակում է մնալ վատ
Քիչ առաջ 168.am-ը փորձեց որոշ տեղեկություններ ստանալ հայտնի «գոմեշի մսի» քրեական գործով միակ մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանի փաստաբան Լուսինե Սահակյանից: Վերջինս նախ ասաց, որ Ա Օհանջանյանը դեռևս գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում, և նրա վիճակը շարունակում է մնալ նույնը: Երբ հետաքրքրվեցին, թե «նույնը» ասելով ի՞նչ նկատի ունի՝ փաստաբանը նշեց, որ Օհանջանյանի առողջական վիճակը դեռևս վատ է:
Փաստաբանը հիշեցրեց նաև, որ Օհանջանյանը սրտամկանի ինֆարկտ էր տարել, որից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Մեր հարցին, թե արդյոք կա՞ն մարդիկ, ովքեր՝ որպես մեղադրյալներ, ներգրավվել են այդ քրեական գործում, մասնավորապես՝ ՊՆ նյութատեխնիկական ապահովման տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետ Վարդան Թունյանը, ում, ըստ ՊՆ լրատվականի՝ աշխատանքից ազատել էին հաստիքի կրճատման պատճառով, Լ. Սահակյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ այդ մասին, և այս պահի դրությամբ միայն Ա. Օհանջանյանն է որպես մեղադրյալ ներգրավվել այդ գործում:
Փաստաբանի փոխանցմամբ՝ ինքը որևէ նորություն չի կարող փոխանցել, քանի որ քրեական գործը նախաքննության փուլում է:
Դեռևս շաբաթներ առաջ 168.am-ի հետ զրույցում Լուսինե Սահակյանը նշել էր, թե առաջիկայում հանդես է գալու ամբողջական տեղեկատվությամբ, սակայն մինչ օրս նա որևէ խոսք չի ասել այդ մասին: Այսօր Լ. Սահակյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ժամանակը չէ՞ հասարակությանը հուզող այդ քրեական գործի մասին որևէ տեղեկատվություն հաղորդելու համար:
Ի պատասխան, Լ. Սահակյանն ասաց՝ դեռևս ոչ: «Համակողմանի, ամբողջական տեղեկատվություն ունենալու դեպքում հանդես կգամ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ա. Օհանջանյանի դեմ քրեական գործ է հարուցվել բանակի պարենային պահեստում ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով՝ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: