
Կոնգոյում վթարված օդանավի հրամանատարը Վարազդատ Բալասանյանն էր

Կոնգոյում վթարի ենթարկված Իլ-76 բեռնատար օդանավի հրամանատարի անունը Վարազդատ Բալասանյան է: Մյուս զոհերի ինքնությունը ճշտվում է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` հաստատելով տեղեկությունը, որ վթարի հետեւանքով զոհված 5 օդաչուները ՀՀ քաղաքացիներ են: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանի տեղեկություններով` նրանք պայմանագրային հիմունքներով աշխատում էին այնտեղ: Մանրամասները ճշտվում են:
Trans Air Congo բեռնափոխադրող ավիաընկերության վարձակալած ինքնաթիռը նախնական վարկածով վթարվել է ուժեղ կայծակի պատճառով. օդանավի թեւն ընկել է եւ այն բախվել է բնակելի տներին: Նախնական տեղեկություններով` զոհվել է 30 մարդ, տուժել` 20-ը: Իլ-76 ինքնաթիռը մայրաքաղաք Բրազավիլ էր թռել երկրի մեծությամբ երկրորդ Պորտ Նուարա քաղաքից: Աղետից անմիջապես հետո Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանը փակվել է:
Վթարի վայրում աշխատում են հրշեջները, փրկարարները և ոստիկանությունը: Տեսանյութը՝ այստեղ.