Կոնգոյում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի օդաչուները հայեր են. Քաղավիացիայի վարչություն (տեսանյութ)
Կոնգոյում վթարի ենթարկված Իլ-76 բեռնատար ինքնաթիռի օդաչուները հայեր են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
Նրա փոխանցմամբ` վթարի ենթարկված անձինք Հայաստանի քաղաքացիներ են եւ պայմանագրային հիմունքներով աշխատում էին այնտեղ: Մանրամասները ճշտվում են:
Հիշեցնենք, որ Կոնգոյում Իլ-76 բեռնատար ինքնաթիռը բախվել է բնակելի թաղամասին. Զոհվել է 30 մարդ, տուժել` 20-ը: Իլ-76 ինքնաթիռը Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլ էր թռել երկրի մեծությամբ երկրորդ Պորտ Նուարա քաղաքից:«Կոմսոմոլսկայա պրավդան», վկայակոչելով AP-ին, հայտնում է, որ ուժեղ քամու եւ վատ եղանակի պատճառով մեքենաներ տեղափոխող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել մայրաքաղաքի օդանավակայանի թռիչքուղում եւ ընկել է ոչ այնքան հեռու գտնվող բնակելի տների վրա, այնուհետեւ ուժեղ հրդեհ է բռնկվել:
Rbc-ն վկայակոչելով France 24-ին, գրում է, որ վայրէջքի ժամանակ Իլ-76-ը դուրս է եկել թռիչքավայրէջքային ուղուց, բախվել մի քանի բնակելի տների, այնուհետեւ ընկել եւ բռնկվել: Ինքնաթիռի անձնակազմում եղել է չորս մարդ, որոնք մահացել են հարվածից կամ հետեւած հրդեհից:
Ավիավթարից անմիջապես հետո Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանը փակվել է, իսկ ողբերգության վայրում աշխատում են հրշեջները, փրկարարները եւ ոստիկանությունը: Զոհերի թիվը հասնում է տասնյակների, ըստ վերջին տվյալների` զոհվել է շուրջ 30 մարդ, այդ թվում՝ Իլ-76-ի անձնակազմի երեք անդամ: