«Իմ համար էլ է անհասկանալի՝ ինչի են մեզ ծեծել». «Հարսնաքարի գործով» տուժող

Երեկ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Հարսնաքարի գործով» դատական նիստը, որտեղ հարցաքննվեց գործով տուժող Էդգար Նիկոյանը:

Վերջինս ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 17-ին, ինչպես նաև պատասխանեց դատավարության կողմերի հարցերին: Է. Նիկոյանի խոսքով՝ դեպքի օրն ինքը Արզնու ձոր հասել է երեկոյան ժամը 8-8:30-ի սահմաններում. այնտեղ նրա ընկերները նշում էին Արկադի Աղաջանյանի տարեդարձը. «Քանի որ արդեն մթնշաղ էր մոտենում, մոտ 30-40 րոպե նստելուց հետո Արզնու ձորից վեր ենք կացել: Վահեն մինչև էդ ասեց, որ երաժիշտներ են գալու, հետո ստացվեց այնպես, որ երաժիշտները չկարողացան գան, և լուսավորություն էլ չկար, ասեց` գնանք, «Հարսնաքար» ռեստորանում երգիչը ծանոթ ա, լավ երգում են, մի քանի երաժշտություն լսենք ու գնանք տուն: Դուրս ենք եկել, գնացել ենք «Հարսնաքար» ռեստորանային համալիր»,- ասաց տուժողը:

Ըստ նրա` սեղանի շուրջ նստելուց մոտ 5 րոպե անց Վահե Ավետյանը գնացել է լվացվելու: Էդգար Նիկոյանն այդ ընթացքում «աչքի պոչով» նկատել է, որ մի պահ Վ.Ավետյանը քայլել է դեպի սեղանը, սակայն նորից ետ է գնացել: Վերադառնալով՝ Վահեն ասել է, որ իրեն այդ հագուստով չեն թողնում մնալ ռեստորանում, և ասել է, որ ինքը կգնա հագուստը փոխելու ու կվերադառնա.

«Արկադիի հետ իրանք գնացել են փոխվելու, մենք 4-ով նստել ենք սեղանին: Երկրորդ անգամ դահլիճ մտնելուց, երբ Վահեն գնացել էր փոխվելու, առաջինը ես մտա դահլիճ, մատուցող Դավիթն ա դեմներս դուրս եկել, բա՝ ի՞նչ ա եղել, ասեցինք՝ ուզում ենք նստենք, շարունակենք, բա՝ չեմ ընդունում: Ես հարցրեցի՝ ինչի՞ համար չեք ընդունում, բա՝ ուղղակի չեմ ընդունում: Ես էլ ասեցի՝ սեղանի վրա դեռ մարդ չի նստել, սեղանն էլ հավաքած չի, ինչի՞ համար չեք ընդունում: Մեզ մոտեցել ա մենեջերը, ասեց՝ ի՞նչ խնդիր կա: Մենք էլ բացատրեցինք, որ խնդիր չկա, ուղղակի վեր ենք կացել, հիմա ուզում ենք շարունակել: Էդ պահին կողքից մի անձնավորություն՝ կոլոտ, թիկնեղ, հարցրեց՝ բա իրա՞նք են: Ես չհասկացա` մենեջերը թե մատուցողը ասեց՝ հա, ես մոտեցել եմ էդ կարճահասակ անձնավորությանը, բա՝ ով ա հայհոյել: Ասեցի՝ բա ի՞նչ հայհոյանք: Բա, ասում են` հայհոյանք եք տվել: Ես էլ ասեցի, որ հայհոյանք չենք տվել, չի եղել նման բան, որովհետև մենք նստած ենք դահլիճում, դահլիճում կանայք կան, երեխաներ կան, մենք հայհոյանք չենք տվել ընդհանրապես: Էդ պահին Արտակն ա մոտեցել: Վերջում էդ տղան հարց տվեց, էն կողմի վրա նայելով, բա ասում ես՝ հայհոյել են: Մեզ էդ տղան ասեց՝ լավ, տղերք ջան, Ձեզ բարի ախորժակ, նստե՛ք: Պատվիրեցինք խմիչք, սուրճ, մինչև Վահեենք եկան: Իրանք վերադարձել են, էդ ընթացքում Վահեն պատվեր արեց վերադառնալուց հետո, ուրիշ մատուցող էր: Հետո մոտեցավ մատուցող Դավիթը: Վահեն ասեց՝ կարող ա՞ կեպիով էլ չի կարելի: Մատուցող Դավիթն ասեց՝ դո՛ւրս արի` կասեմ: Վահեն դուրս ա եկել, Արկադին` նրա հետևից: Մոտ երևի 1 րոպե էր անցել, այդքան էլ կարող ա անցած չլինել, մենք 3-ով դուրս ենք եկել»,- պատմում էր Է.Նիկոյանը:

Նրա խոսքով՝ երբ ինքը հասել է դռան մոտ, ընթացքից տեսել է Վահեին կիսանստած վիճակում ու նաև տեսել է, որ վերջինիս քթից արյուն է հոսում: Վահեն չի պատասխանել Է. Նիկոյանի հարցերին, թե ինչ է պատահել: Ըստ տուժողի՝ այնտեղ գտնվող տղաներից մեկն իրենց ձեռքով ցույց է տվել զուգարանի վայրը:

Այնուհետ ինքն ու Վահեն գնացել են լվացվելու: Լվացվելուց հետո Էդգարն ու Վահեն շարժվել են դեպի տղաների կողմը. «Երբ որ մոտեցանք, ընդհանուր խումբ էր: Երբ մենք մտանք էդ ժողովրդի մեջ, 10-15 վայրկյան չէր անցել, հայհոյանքգ, ու սկսեցին խփելը: Առաջին հարվածը, որ ես զգացել եմ, եղել ա Արկադիին: Հարվածի ձայն եմ ես լսել, շուռ եմ եկել, Արկադին գետին էր ընկել, ու ոտքով խփում էին Արկադիին: Ես հասել եմ Արկադիին, էդ ընթացքում գլուխն եմ պահել՝ իմ գլուխն էլ հետը պահելով: Էդ ընթացքում հարվածներ եմ զգացել մարմնիս վրա»,- շարունակում էր տուժող Է. Նիկոյանը:

Ըստ տուժողի՝ մոտ 2-3 րոպե հետո ամեն ինչ հանդարտվել է: Ինքը մոտեցել է իր ընկերներ Արկադիին ու Արտակին, այնուհետև մտել է սրահ, որ այնտեղից իրենց հետ ռեստորան եկած Դիանա Նավոյանին վերցնի: Մինչ այդ սրահ է հասել Արկադի Աղաջանյանը ու վերցրել Վ. Ավետյանի ավտոմեքենայի բանալին. «Ես պահանջեցի հաշիվը, մոտ մի 10 րոպե հաշիվ էին բերում: Վերջում բերեցին թղթադրամներ, ես հարցրեցի՝ սա ի՞նչ ա, ինձ ասեցին՝ 100.000-անոց էին թողել, սա «զդաչին» ա»: Է.Նիկոյանի ասելով՝ ինքը Դ. Նավոյանին տարել է Նար-Դոս փողոց, այնուհետև միացել է իր ընկերներին, ովքեր արդեն հոսպիտալում են եղել:

Դատական նիստի ընթացքում գործով մեղադրյալ, մատուցող Դավիթ Ադամյանը նշեց, որ երբ Է. Նիկոյանը պահանջել է հաշիվը, ինքն է բերել այն, և հենց Է.Նիկոյանն է փակել հաշիվը: Վերջինս հերքեց մատուցողի ասածը՝ նշելով, որ իր մոտ այդ օրը 100.000 դրամանոց չի եղել: Պաշտպանների հարցերին պատասխանելով՝ Է. Նիկոյանն ասաց, որ ինքը չի տեսել իրեն հարվածողների դեմքերը, հետևաբար չի կարող ասել՝ ամբաստանյալներից ո՞վ է իրեն հարվածել, ո՞վ՝ ոչ:

Պատասխանելով գործով մեղադրյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանի հարցին՝ Է. Նիկոյանն ասաց, որ մինչ դեպքի օրն ինքը չի ճանաչել Դ. Նավոյանին և չի իմացել, որ Վ. Ավետյանը նման մարդու է ճանաչում: Ըստ նրա՝ տպավորությունն այնպիսին էր, որ Վ.Ավետյանն ու Դ.Նավոյանը քննարկում էին գործնական հարցեր: Տուժողը նաև ասաց, որ ինքն ու Վ.Ավետյանը քենակալներ են: Մարինե Թովմասյանի հարցին, թե ինչպիսի՞ն էր Վահե Ավետյանը գինովցած ժամանակ, Է.Նիկոյանը պատասխանեց. «Ոնց որ ես` հիմա»:

Ըստ նրա՝ Գ. Մարգարյանը եղել է ավտոկայանատեղիում, սակայն չի կարող ասել, որ Գ. Մարգարյանը հարվածել է իրեն կամ Վ. Ավետյանին: Հարցին էլ, թե` ինչո՞վ էր պայմանավորված ձեզ ծեծի ենթարկելը, Է. Նիկոյանը պատասխանեց. «Ես չեմ կարող պատասխանել, իմ համար էլ է անհասկանալի: Իմ և իմ տեսադաշտում եղած ընկերներիս պահվածքը եղել է պատշաճ»:

Տեսանյութեր

Լրահոս