Հենրիխ Մխիթարյան. Շախտյորի ֆուտբոլիստներից մեկին հայկական պար կսովորեցնեմ
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար, Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
-Հենրիխ, շատերի համար ընթացիկ մրցաշրջանում քո ցուցադրած խաղը հաճելի անակնկալ է: Նախորդ մրցաշրջանում էլ էիր շատ պահեր ունենում, բայց բախտդ չէր բերում: Առաջնության մեկնարկից առաջ մտածե՞լ ես, որ ժամանակն է քանակը վերածել որակի:
-Իհարկե, մտածել եմ` ինչու գոլ չեմ խփել: Եվ գտա այդ հարցի պատասխանն ու սկսեցի աշխատել այդ ուղղությամբ: Կատարելությունը սահման չի ճանաչում: Կփորձեմ հնարավորինս շատ գոլեր խփել և օգնել թիմին հաղթանակներ տանել:
-Այդուհանդերձ, ո՞րն է անցյալի անհաջողությունների պատճառը:
-Թերևս, սառնասրտությունը չէր բավականացնում որոշիչ պահերին: Այդ առումով արդեն հանգիստ եմ:
-Մրցակիցներդ արդեն ուշադրություն են դարձնում արդյունավետությանդ վրա: Այժմ պաշտպաներն ավելի կոպի՞տ են խաղում քո դեմ:
-Ոչ միայն իմ դեմ: Ուկրաինայի առաջնության որակն անընդհատ բարձրանում է: Բոլոր մրցակիցներն էլ «Շախտյորի» դեմ կենտրոնացած և շատ ուշադիր են խաղում: Անհատական հսկողոթյան վրա մեծ ուշադրություն է դարձվում, բայց դա ինձ համար խնդիր չէ. գիտեմ, որ շատ լավ խաղընկերներ ունեմ և, եթե մրցակցի պաշտպանները չափից ավելի կենտրոնանան ինձ վրա, ապա խաղընկերներս ազատ գոտիներ կստանան:
-Դինամոյի երեկվա հանդիպումը դիտե՞լ ես:
-Այո, կիևցիները կարող էին թե՛ հաղթել, թե՛ պարտվել: Արդյունքում զիջեցին 1:2 հաշվով, բայց մտան Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, ինչի առթիվ շնորհավորում եմ նրանց:
-Այդ հանդիպումն ինչ-որ կերպ կարո՞ղ է անդրադառնալ կիրակի օրը կայանալիք «Շախտյորի» հետ խաղի վրա:
-Չգիտեմ: Մենք կենտրոնացած ենք մեր խաղի վրա, կարևորը, որ կարողանանք մեր ֆուտբոլը ցուցադրել: Սեփական հարկի տակ ենք խաղալու, և մեր երկրպագուները մեզ հետ են լինելու: Ամեն ինչ կանենք հաղթելու համար:
-«Կարպատների» հետ խաղի ժամանակ գոլը տոնելիս Դարիոյի հետ ինչ-որ պարային համար ցուցադրեցիք…
-Դա խորվաթական ազգային պար էր: Մարզումների ժամանակ Դարիոյի հետ կատակում էինք, բայց ինչպես տեսաք, կատակն իրականություն դարձավ (ժպտում է):
-Դուք նախապես պայմանավորվե՞լ էիք:
-Ոչ, գոլից հետո Դարիոն մոտեցավ ինձ և առաջարկեց այդպես տոնել:
-Քո կատարմամբ հայկական պար կտեսնե՞նք:
-Կփորձեմ տղաներից մեկին սովորեցնել:
-Գիտե՞ս, որ Կիևի «Դինամոյի» ամբողջ թիմից ընդամենը 1 գոլ ես քիչ խփել:
-Ես չեմ հետևում վիճակագրությանը: Ինձ համար կարևորը թիմի հաղթանակն է, իսկ այն, որ ես ավելի շատ գոլ եմ խփում, քան որոշ ակումբներ, ինձ չի հետաքրքում: Տղաներն օգնում են ինձ աչքի ընկնել, և ստացվեց այնպես, որ արդեն 11 գոլ եմ խփել:
-Լավագույն ռմբարկուի տիտղոսի համար պայքարելու նպատակ ունե՞ս:
-Նպատակս թիմի հաղթանակն է: Անհատական հաջողություններն ու մրցանակներն այդքան էլ կարևոր չեն: Իհարկե, և ինձ համար և «Շախտյորի» համար հաճելի կլինի, եթե դառնամ լավագույն ռմբարկու, բայց այժմ մեզ հուզում է Ուկրաինայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում թիմի ցուցադրած արդյունքները:
-Հետաքրքրվո՞ւմ ես, թե ինչ է գրում մամուլը քո մասին: Օրինակ այսօր հարցազրույց էր հրապարակվել Յուրա Մովսիսյանի հետ, որտեղ նա գովեստի խոսքեր է շռայլել քո հասցեին…
-Մենք ընկերներ ենք: Ես միայն ուրախ կլինեմ, որ Յուրան խաղա լավ ակումբում: Նա արժանի է: Ես աշխատում եմ չկարդալ, թե ինչ են գրում իմ մասին, այլ ավելի շատ իմանալ ուրիշների մասին, հետաքրքրվում եմ ֆուտբոլային աշխարհի լուրերով:
-Քննարկո՞ւմ եք թիմում տրանսֆերային նորությունները:
-Դա իմ գործը չէ: Մենք ունենք ղեկավարություն, որը զբաղվում է այդ հարցերով:
-Այսօր կայանալու է Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը: Ինչպիսի՞ թոփ-ակումբի հետ կցանկանայիր հանդիպել:
-Տարբերություն չկա: Ում հետ էլ ընկնենք, ստիպված ենք խաղալ: Կիմանանք մեր մրցակիցներին և կպատրաստվենք նրանց հետ հակամարտությանը: Աստված տա, որ դուրս գանք 1/8 եզրափակիչ, իսկ հետո ավելի առաջ շարժվենք: Իսկ թե ում հետ ստիպված կլինենք խաղալ, մեծ տարբերություն չկա:
-Դինամոն վերջին տարիներին առաջին անգամ է դուրս եկել ՉԼ խմբային փուլ: Դա կանդրադառնա՞ ներքին առաջնությունում «Շախտյոր»-«Դինամո» հակամարտության վրա:
-Թե մենք, թե նրանք ստիպված ենք խաղալ երեք օրը մեկ: Մեզ համար հավասարապես դժվար է լինելու: Գլխավորը` դա օգտակար կլինի ուկրաինական ֆուտբոլին: Ինչքան շատ միավորներ հավաքեն ուկրաինական ակումբներն, այնքան` լավ:
-«Շախտյորի» և «Դինամոյի» միջև հանդիպումները լարված են: Ինչպե՞ս խուսափել բազում սադրանքներից:
-Իսկապես, նման մակարդակի խաղերն ավելի շատ էմոցիոնալ են, քան խաղային: Կփորձենք այնպես անել, որ դա մեծ ազդեցություն չունենա մեր խաղի վրա: Այսպիսի դերբիները միշտ լի են էմոցիաներով: Օրինակ երեկ խաղում էին «Ռեալն» ու «Բարսելոնան»: Առաջին րոպեներին խաղադաշտում էմոցիաներն ավելի շատ էին, քան խաղը: Խաղադաշտ պետք է հանգիստ դուրս գալ: Պետք չէ մտածել, որ պատերազմ կամ կռիվ է լինելու: Պետք է խաղալ ֆուտբոլ, որպեսզի երկրպագուները վայելեն այն:
-«Դինամոյի» հետ խաղերին նախապատրաստվելու հատուկ ծրագիր կա՞:
-Ոչ, մենք բոլորս պրոֆեսիոնալներ ենք ու հիանալի գիտենք, թե ինչպես է պետք վարվել նման խաղերում: Յուրաքանչյուրը նախապատրաստում է իրեն այնպես, ինչպես կարողանում է:
-Հենրիխ, դու հայ ես, ու պետք է որ տաքարյուն լինես, բայց գործի մեջ դու սառնասիրտ ես…
-Եթե ես խաղադաշտում տաքարյուն լինեմ, դա վատ կլինի թիմի համար: Եթե ես կռվի մեջ ներքաշվեմ, թիմը կմնա 10 հոգով: Ես հարգում եմ մրցակցին և խաղընկերներիս: Բոլորն էլ ֆուտբոլիստներ են, բոլորն էլ մարդիկ են: Որոշ խաղային դրվագներում մրցակիցը կոպիտ է գործում, բայց ֆուտբոլը մնում է սպորտ և այդ ամենը միտումնավոր չէ:
-Քեզ ինչ-որ կերպ հնարավո՞ր է հունից հանել:
-Կարծում եմ` հնարավոր է, բայց ես երբեք սադրանքների չեմ տրվում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը