Շրջայց Դավթաշենում
Երևանի քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով շարունակվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս անգամ հետևել է Դավթաշեն վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի և Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ուղեկցությամբ, շրջայց է անցկացրել Դավթաշենում, որի շրջանակներում Դավթաշենի բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված ժամանակակից խաղահրապարակներով, զրուցարաններով և նստարաններով կահավորված ու գիշերային լուսավորությամբ ապահովված մի շարք բակեր:
Բակերի բարեկարգման ծրագրերի շրջանակում Դավթաշենի Կաղնուտ թաղամասի այգու բարեկարգման աշխատանքներին զուգահեռ կառուցվել է նաև ֆուտբոլի փոքր խաղադաշտ, որն ունի երկրպագուների համար նախատեսված տրիբունաներ:
Խաղադաշտի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետը չմերժելով ֆուտբոլասեր փոքրիկների խնդրանքը, ի հիշատակ հանդիսավոր օրվա, իր ստորագրությունն է դրել ֆուտբոլային գնդակի վրա և մաղթել, որ նրանք մշտապես հաղթանակներ ունենան:
Բակի բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել Տարոն Մարգարյանին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ ու հարմարավետ բակերի, մայրաքաղաքի արտաքին տեսքի նկատելի դրական փոփոխությունների համար:
Քաղաքապետն էլ` ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի ծրագրերն ու իր մոտեցումները, վստահեցրել է, որ մայրաքաղաքի գեղեցկացմանն ու հարմարավետությանն ուղղված քաղաքապետարանի նախաձեռնած ծրագրերը լինելու են շարունակական.«Բնակիչների հետ մշտական հանդիպումների և անմիջական շփումների ընթացքում լսելով ու կարևորելով նրանց առաջարկները մենք դրանք վերածում ենք աշխատանքային ծրագրերի, ինչի արդյունքում էլ Երևանն օրեցօր առավել հարմարավետ է դառնում բնակիչների համար: Մեր համաքաղաքացիներին վերադարձնելով իրենց բակային տարածքները մենք այսօր իրականություն ենք դարձնում հարմարավետ բակեր ունենալու բոլորիս երազանքը»,-շեշտել է քաղաքապետը:
«Հիմնականում բակային տարածքներում մենք շեշտադրումը դնում ենք կանաչ տարածքների ընդլայնման վրա: Եվ մեր նպատակն է բարեկարգ, խնամված, ծաղկապատ սիզամարգերով ու ծառերով հագեցած բակեր ունենալ: Այս առումով Դավթաշեն վարչական շրջանը միշտ էլ առաջատարների թվում է եղել և այսօր այդ քայլերը շարունակվում են»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շրջայցի ընթացքում քաղաքապետը ծանոթացել է նաև բակերի բարեկարգման ընթացիկ աշխատանքներին: Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում:
Բնակիչների հետ անմիջական շփումների ժամանակ Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս հորդորել է պահպանել կատարված աշխատանքն ու լինել ավելի ակտիվ և մասնակցել մայրաքաղաքի բարեկարգմանն ու կանաչապատմանն ուղղված քաղաքապետարանի բոլոր նախաձեռնություններին:
Ի դեպ ավելացնենք, որ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը մինչև 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրությունները զբաղեցնում էր Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։ Նշված աշխատանքների հիմքը դրվել է նրա պաշտոնավարման օրոք, ինչը ներկայումս հաջողությամբ շարունակում է վարչական շրջանի ներկայիս ղեկավար Ռ. Բաղդասարյանը։