Հենրիխ Մխիթարյան. Այս մրցաշրջանում ցանկանում եմ դառնալ 50 գոլի հեղինակ
Ուկրաինայի առաջնությունում ունեցած հաջողություններից հետո Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շատ ցանկալի հյուր է լրագրողների համար։ Մխիթարյանի հետ զրուցել է ուկրաինական «Էքսպրեսը»։ Հիշեցնենք, որ առաջնության 6 տուրերում Մխիթարյանը դարձել է 10 գոլի հեղինակ։
-«Չեռնոմորեցի» հետ խաղում Դուք դարձաք հեթ-տրիկի հեղինակ և ռմբարկուների ցուցակում առաջ պոկվեցիք մյուս հետապնդողներից։ Ինչպե՞ս եք բացատրում նման արդյունավետությունը։
-Սկսեցի ավելի շատ գոլեր խփել, քանի որ դաշտում այժմ ավելի լավ եմ հասկանում խաղընկերներիս։ Եթե ակումբակիցներս չլինեին, ոչ մի արդյունք էլ չէր լինի։ Իմ գոլերը թիմային, այլ ոչ թե անհատական աշխատանքի արդյունք են։ Բոլոր 10 գոլերը ես ինքնուրույն չեմ կազմակերպել, դրանցից ոչ մեկը տուգանայինից կամ 11-մետրանոցից չեն եղել, ես պարզապես եզրափակում էի գրոհները, որոնք կազմակերպվել էին թիմի կողմից։ Աստված տա, որ իմ գոլային ցուցանիշներն ապագայում էլ աճեն։
-Եթե այսպես շարունակվի, դուք առաջնությունում կարող եք 50 գնդակի հեղինակ դառնալ…
–Ինչու՞ ոչ։ Ցանկանում եմ մրցաշրջանում 50 գոլ խփել։ Այո, դա շատ է, քանի որ Ուկրաինայի առաջնության ռմբարկուները սովորաբար 10-20 գնդակ են խփում։ Իսկ ես չեմ սահմանափակվի ձեռքբերվածով և կփորձեմ դաշտից չհեռանալ առանց գոլի։ 50 գնդակ մեկ մրցաշրջանում հնարավոր արդյունք է։ Կարևորը՝ կարողանամ օգտագործել բոլոր պահերը։ Լավ, գոնե մեծամասնությունը…
-Բայց չէ՞ որ Դուք հարձակվող չեք, այլ կիսապաշտպան։ Միրչա Լուչեսկու՞ն է Ձեզ խորհուրդ տվել ավելի շատ մասնակցել գրոհներին։
-Հավատացե՛ք, նա չի գովում մեզ նման արդյունավետության համար, քանի որ մեր պարտքն է լավ խաղ ցուցադրելը։ Իսկ երբ վատ ենք խաղում, քննադատում է։ Համոզված եմ՝ մարզիչը հետևում է իմ գործողություններին, սակայն Լուչեսկուն անձամբ ինձ ոչինչ չի ասում։
-Ռինատ Ախմետովն (ակումբի նախագահը – խմբ.) արդեն ուշադրութոյւն դարձրե՞լ է Ձեր արդյունավետությանը։ Պարգևավճար ստացե՞լ եք։
-Ո՛չ, Ռինատ Ախմետովը պարգևավճար չի տվել, ես չեմ էլ ակնկալում։ Նման բան պայմանագրում նշված չէ։ Մենք բոնուսներ ենք ստանում հաղթանակների համար, այլ ոչ թե անձնական ցուցանիշների։
-Շուտով «Շախտյորը» մեկնարկում է Չեմպիոնների լիգայում։ Քանի՞ գոլ եք ցանկանում խփել խմբային մրցաշարում։
-Ոչ մի խաղ առանց գոլի. սա է իմ խնդիրը։ Կարծում եմ, որ այս նպատակին հասնելն իրական է։
-Դուք ինչ-որ կերպ կատարելագործու՞մ եք գոլեր խփելու Ձեր հմտությունները։
-Այո՛, և ոչ միայն մարզումների ժամանակ, այլ դրանցից հետո էլ։ Մի քանի րոպե մնում եմ մարզադաշտում, որպեսզի աշխատեմ թերություններիս վրա։ Հավատացե՛ք, լայն դաշտ կա առաջընթացի համար։ Աշխատում եմ ինչպես ֆիզիկականի, այնպես էլ տեխնիկայի վրա։ Աշխարհում չկա կատարյալ ֆուտբոլիստ։ Շատ կաշխատես, կստանաս ամենալավ արդյունքը։ Կարևորը, որ նկատում եմ թերություններս։ Մեկ անգամ չէ, որ քննադատել եմ ինքս ինձ նույնիսկ հաղթանակի դեպքում։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը