Ես ՀՀԿ-ի խոսափողին չեմ պատասխանում
«Կարծում եմ` Կոնգրեսը ճիշտ է անում, որ լռում է, քանի որ այն ժամանակ, երբ կազմվում էր Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը, մենք լավ հասկանում էինք, որ նրանց հիմնական թիրախը պետք է լինի ընդդիմություն,` այս պարագայում՝ ՀԱԿ-ը, այս փուլում այդ սև գործն իրենք պետք է անեն, իսկ հանրապետականները պետք է մնան ավելի մաքուր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը` անդրադառնալով իշխանական գործիչների` Խոսրով Հարությունյանի, Հայկ Բաբուխանյանի և այլոց կողմից վերջին շրջանում հնչող հայտարարություններին, որ մենք չունենք ընդդիմություն, ՀԱԿ-ը հետաքրքրված չէ տեղական ինքնակառավարման խնդիրներով, դրա համար էլ չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին:
Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի երեկվա ասուլիսում արած հայտարարություններին, թե՝ ՀԱԿ-ը միայն «կնկա բամբասանքներով է զբաղված», «1996 թ. Լ.Տեր-Պետրոսյանը զորք է հանել ժողովրդի դեմ, նա հանցագործ է», և այլն, Պետրոս Մակեյանն այսպես արձագանքեց. «Գիտեք, այդ մարդն այն արժեքը չունի, որ մենք նրա ասածները քննարկենք, եթե նույնիսկ իրականությանը մոտ որևէ բան է ասել, քանի որ նա կոնկրետ կատարում է ՀՀԿ-ի պատվերը, իսկ ՀՀԿ խոսափողին ես չեմ պատասխանի: Ձեր այդ թվարկած ընկերների կարծիքը զրո նշանակություն ունի հասարակության համար: Այդ պատճառով նրանց պատասխանելն անիմաստ է: Իրենք ցուցակում ընդգրկվել են և պարտավորություններ ունեն վարչախմբի հանդեպ. իրենց հստակ խնդիր է տրված, և իրենք դա կատարում են»: