Բաժիններ՝

Հայկ Մարտիրոսյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվում է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: 6 տարիքային խմբերում (8, 10, 12, 14, 16, 18 տ.) պատանիները պայքարում են Եվրոպայում ուժեղագույնը ճանաչվելու համար:

Տղաների պայքարում Հայաստանը ներկայացված է բոլոր տարիքային խմբերում: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքը 12-ամյա Հայկ Մարտիրոսյանն է ցույց տալիս, ով մրցաշարի ավարտից 1 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար և Եվրոպայի չեմպիոն հռչակվեց: Հայկը 8 տուրում 8 հաղթանակ տարավ և վերջին` 9-րդ տուրից առաջ երկրորդ տեղը կիսող 4 շախմատիստներին գերազանցում է 1.5 միավորով:

8 տարեկան տղաների պայքարում վերջին տուրից առաջ Մամիկոն Ղարիբյանը վաստակած 5 միավորով կիսում է 14-23-րդ հորիզոնականները:

10 տարեկանների խմբում Հայաստանից լավագույն արդյունքն ունի Շանթ Սարգսյանը, ով վաստակած 6 միավորով կիսում է 7-13-րդ տեղերը: Արթուր Դավթյանն ունի 4 միավոր, իսկ Դավիթ Սանթրյանը` 3.5:

Արդեն նշեցինք, որ 12 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճել է Հայկ Մարտիրոսյանը: Այս տարիքային խմբում հանդես եկող մյուս հայ շախմատիստներն ավելի համեստ արդյունքներ են ցուցադրում. Արամ Հակոբյանը 5.5 միավորով կիսում է 15-24-րդ տեղերը, Ռաֆիկ Գասպարյանը վաստակել է 3.5 միավոր:

14 տարեկան տղաների պայքարում լավ է հանդես գալիս Մանվել Պետրոսյանը, ով նախավերջին տուրից հետո վաստակած 6.5 միավորով կիսում է 2-5-րդ տեղերը: գոռ Ալեքսանյանն ունի 5 միավոր, Հրանտ Ալեքսանյանը`3.5:

16 տարեկանների խմբում մրցանակային տեղ զբաղեցնելու լավ հնարավորություն ունի Տիգրան Հարությունյանը, ով կես միավորով է ետ մնում 3 առաջատարներից: Վլադիմիր Կանջարյանն ընդամենը 3.5 միավոր ունի:

Եվ վերջապես, 18 տարեկան պատանիների պայքարում Եվրոպայի չեմպիոնի կոչմանը շատ մոտ է Հովհաննես Գաբուզյանը. հայ շախմատիստը վերջին տուրից առաջ վաստակած 7 միավորով ռուս Վադիմ Մաիսեյենկոյի հետ կիսում է 1-2-րդ տեղերը: Դավիթ Շահինյանն ունի 4.5 միավոր:

Աղջիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից ոչ ոք անգամ լավագույն 5-յակում տեղ զբաղեցնելու հնարավորություն չունի:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս