«Հմայակ Հովհաննիսյանը տխմարագույն հայտարարություններ է անում». Նաիրա Զոհրաբյան
«Անկեղծ ասած, ինձ թվում էր, որ շոգերի անկման հետ Հմայակ Հովհաննիսյանի ոչ ադեկվատ վիճակը պիտի կարգավորվեր, բայց, փաստորեն, ես սխալվել եմ: Հմայակ Հովհաննիսյանը շարունակում է մնալ ոչ ադեկվատ վիճակում ու, բնականաբար, այդ վիճակում լինելով, տխմարագույն հայտարարություններ է անում»,- անդրադառնալով Հայաստանի քաղաքագետների միության վարչության և ՀՔՄ կառույցում գործող «Politlogos» իրավիճակային վերլուծությունների և քաղաքագիտական կանխատեսումների կենտրոնի աշխատակազմի կողմից քիչ առաջ արված հայտարարությանը, 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Մեր հարցին, թե, ի վերջո, ո՞րն է պատճառը, որ Հմայակ Հովհաննիսյանը հանդես է գալիս նման հայտարարություններով, Նաիրա Զորաբյանը պատասխանեց. «Այդ հարցը պետք է ուղղել անձամբ Հմայակ Հովհաննիսյանին: Ես միայն կարող եմ ասել, որ պատճառը նրա ոչ ադեկվատ իրավիճակն է: Բայց, եթե կան ավելի խորքային պատճառներ… Հմայակ Հովհաննիսյանին թելադրում են, օրինակ, նման հայտարարությամբ հանդես գալ, կամ միգուցե այլ պատճառներ կան, դրան կարող է պատասխանել միայն ինքը: Ի վերջո, ինչպես ասված է մեր հայտարարությունում, նա հմուտ քաղաքական լարախաղաց է ու բոլոր հնարավոր դեպքերի համար մշտապես պատասխան ունի»: Հիշեցնենք, որ ՀՔՄ այդ հայտարարության մեջ նշված է, որ համամասնական ընտրակարգով 30 տոկոսանոց արդյունք արձանագրած ԲՀԿ-ն, առանց Հմայակ Հովհաննիսյանի, չէր հաղթահարի 15 տոկոսանոց արդյունքը: