Գալուստ Սահակյանը հաստատում է, որ մենք ճիշտ ենք. Պետրոս Մակեյան
«Տա Աստված, որ մենք սխալ դուրս գանք, բայց պարզվում է` Գալուստը հաստատում է, որ մենք ճիշտ ենք այն հարցում, որ ԲՀԿ-ն եղել է իշխանության սպասարկողը»,- անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե «ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև հակամարտություն չկա», 168.am-ին ասաց ԺՀԿ նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը:
Իսկ մեր հարցին, թե սա պետք է դիտել, օրինակ, Գյումրիում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի համագործակցությա՞ն համատեքստում, Մակեյանը պատասխանեց. «Գյումրիի պատկերն իրական է: Հանրապետականն ի՞նչ է, Գյումրիում կադրեր չունե՞ր, որ իր սեփական թեկնածուին առաջադրեր: Ես այդ շրջանի մարդ եմ, այնտեղ աշխատել եմ և գիտեմ: Կարող եմ նրանցից մեկի անունը տալ, օրինակ` Սուքիաս Ավետիսյան, ինչո՞ւ ՀՀԿ-ն նրան չառաջադրեց: Նույն հաջողությամբ նա կարող էր առաջադրվել: Եթե Վարդան Ղուկասյանը նրանց ինչ-որ կերպ չբավարարեց (ներքին ինչ-որ խնդիրներ կային, չնայած Վարդան Ղուկասյանը «խնդիր չուներ», ինչպես բոլոր տեղերում են ընտրվում, նույն կերպ էլ նա կընտրվեր), թող իրենց կուսակցությունից մեկին առաջադրեին: Ուրեմն իրենց համար տարբերություն չկա` «Բարգավա՞ճ», թե՞ Հանրապետական»: