«Սիսիանին անկուսակցական քաղաքապետ է պետք»
Սեպտեմբերի 9-ին Սիսիանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել նաև անկուսակցական Մհեր Ազոյանը, ով պատասխանել է 168.am-ի հարցերին:
– Ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում:
– Այնպես չէ, որ քաղաքի ներկա վիճակը` և՛ քաղաքի, և՛ քաղաքացու համար, գոհացնող է: Մյուս կողմից` Հանրապետական իշխող կուսակցությունից թեկնածու չեղավ, և մտածում էի, որ փոփոխությունները կարող են արդյունավետ լինել, ու վերջին պահին որոշեցի, որ նաև ես կարող եմ առաջադրել իմ թեկնածությունը: Սկզբունքը մոտավորապես հետևյալն է` Տ. Պողոսյանն ու Ա. Հակոբջանյանը կուսակցությունների ներկայացուցիչներ են, բայց չմոռանանք նաև, որ Սիսիանի ազգաբնակչության մեջ կուսակցականները շատ քիչ են: Կարծում եմ` Սիսիանի բնակչության մեջ կուսակցականների թիվը 20%-ից ավելի չէ:
– Ըստ Ձեզ` ինչո՞ւ ՀՀԿ-ն թեկնածու չառաջադրեց քաղաքապետի պաշտոնում:
– Դժվարանում եմ ասել, բայց դա իրենց որոշումն է: Նման իրավիճակն ինձ չի հետաքրքրում:
– Որպես անկուսակցական թեկնածու` ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Սյունիքի մարզպետն աջակցելու է ԲՀԿ-ի անդամ՝ գործող քաղաքապետի թեկնածությանը:
– Ես չեմ ուզում գնահատական տալ, չեմ ուզում խառնվել դրան:
– Ինչո՞ւ եք խուսափում հարցերից: Սիսիանում ստեղծված մթնոլո՞րտն է ստիպում այդկերպ վարվել: Մարզպետի գործոնն էական չէ՞ ՏԻՄ ընտրություններում:
– Միանշանակ էական է, բայց ես հենվում եմ հասարակության գնահատականի վրա:
– Եվ ինչպիսի՞ն է հասարակության գնահատականը:
– Դժվար կլինի, որ ես ասեմ՝ շատ լուրջ հաջողություններ կունենամ. քարոզարշավը նոր է սկսվում, նոր ելույթներ, նոր ծրագրեր պետք է ներկայացվեն, և ըստ այդմ` ժամանակը ցույց կտա:
– Այնուամենայնիվ, անկուսակցական թեկնածու լինելով` ընտրապայքարի եք դուրս եկել գործող քաղաքապետի հետ, ում պաշտպանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
– Կուսակցությունը լուրջ հնարավորություններ է ընձեռում՝ իրենց հանձնաժողովներով, անդամներով, և ամեն ինչով իրենք առավելություն ունեն: Կուսակցական լինելու լավը դա է: Բայց մյուս կողմից` մեր Սիսիանին անհրաժեշտ է մարդ, որն անկուսակցական է, որն էլ կաշխատեցնի մեխանիզմը` համայնքի վաղվա աշխատանքները լավ կազմակերպելու համար:
– Ինքներդ գո՞հ եք գործող քաղաքապետի աշխատանքից:
– Եթե գոհ լինեի՝ չէի առաջադրվի: Մարդն ինչքան հնարավորություն ունեցել է, այդքան է աշխատել:
– Ճնշումներ գործադրո՞ւմ են Ձեզ վրա, որ խուսանավում եք հարցերից:
– Ճնշումներ չեն գործադրում և չեն էլ կարող գործադրել, ես կարող եմ պատասխան տալ իմ ամեն արածի համար և կարող եմ հանգամանքներ նշել, ասել, որ այսպես չպետք է լինի, բայց այդ ամենի գնահատականը պետք է տա հասարակությունը: Եթե հասարակությունը չի ընդունում Հակոբջանյանի աշխատանքները՝ թող չընտրի նրան, եթե ընդունում է` թող ընտրի: Այնպես չէ, որ ես ամենափրկիչն եմ և գալիս եմ փրկելու ժողովրդին ինչ-որ իրավիճակներից: Ես չեմ ուզում իմ գնահատականները բարդել ժողովրդի վրա: