
Կապանի նախկին քաղաքապետը հանելու է իր թեկնածությունը

Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում սեպտեմբերի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն առաջադրած, անկուսակցական, Կապանի նախկին քաղաքապետ Գագիկ Աթաջանյանը նշեց, որ այսօր պատրաստվում է հանել իր թեկնածությունը՝ առողջական խնդիրների պատճառով: «Առողջության պատճառով եմ հանում թեկնածությունս, ուրիշ ոչ մի պատճառ չկա: Ոտքս ուռել ա, չեմ կարողանում դնել գետնին, ջերմություն ունեմ, չեմ կարողանում մասնակցել ընտրարշավներին»: Իսկ 168.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի օրեր առաջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի` Կապանի քաղաքապետի թեկնածու, Հանրապետական կուսակցության անդամ Աշոտ Հայրապետյանին աջակցելու մասին հայտարարությունը, Գ. Աթաջանյանը պատասխանեց. «Ինքը սկզբից ոչ մեկին չէր ուզում պաշտպանել, հիմա, դե, ասում են, որ պաշտպանելու ա Աշոտ Հայրապետյանին: Դե, էն մարդը (նկատի ունի Մ. Հակոբյանին.-Մ.Մ.) հանրապետական ա, հանրապետականին էլ պիտի պաշտպանի, ուրիշ ձև չկա մեկնաբանելու»: Հիշեցնենք նաև, որ Քաջարանի գործող քաղաքապետ Վարդան Գևորգյանը 168.am-ին տված հարցազրույցում նշել էր, որ Մաքսիմ Հակոբյանը որևէ կուսակցության անդամ չէ: