Եվրասիական երիտասարդական ֆորումը շփման եզրեր կստեղծի. ԲՀԿ պատգամավոր

Առաջին Եվրասիական երիտասարդական հավաք-ֆորումը հնարավորություն է ընձեռում Հայաստանից ու տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին՝ ծանոթանալ ու փոխանակվել կրթական, մշակութային ծրագրերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առաջին Եվրասիական երիտասարդական հավաք-ֆորումի ղեկավար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«Մենք համարում ենք, որ սա հաջողված ձևաչափ է՝ երիտասարդության շրջանում շփման եզրեր ստեղծելու, ինչպես նաև կրթական ծրագրեր իրականացնելու համար: Մասնավորապես՝ կանցկացվեն դասախոսություններ երեք հիմնական ուղղություններով՝ երիտասարդ լրագրողների, ձեռնարկատերերի ու քաղաքական գործիչների համար, որոնք կվարեն հրավիրված մասնագետները»,- նշեց Վահե Էնֆիաջյանը:

Իր հերթին, ասուլիսին ներկա՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության ֆրակցիայի պատգամավոր Իվան Նովիցկին հավելեց, որ հավաք-ֆորումը կստեղծի հարթակ, որտեղ երիտասարդները խորությամբ կուսումնասիրեն, կծանոթանան Եվրասիական միության գործառույթներին: Նա նշեց, որ նախագիծը հայաստանյան կազմակերպիչների շնորհիվ ընթանում է չեզոք հարթակում՝ հնարավորություն ստեղծելով երիտասարդների համար՝  ազատ, անկաշկանդ շփվել:

ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ հավաք-ֆորումի ընթացքում կստորագրվեն փաստաթղթեր:

Հավաք-ֆորումին մասնակցում են տասնչորս պետություններ ներկայացնող երիտասարդներ: Պաշտոնական փակման արարողությունը կկայանա օգոստոսի 27-ին:

Տեսանյութեր

Լրահոս