Տիեզերական խնդիր` մերկ արտիստի միջոցով
Արդեն քանի օր է` Հայաստանում է Լատվիայից ժամանած մնջախաղի մի թատերախումբ, որը Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) ինչպես երեկ, այնպես էլ վաղը կխաղա Բութոհի` բալթյան մշակույթի և Զենի բանաստեղծական ընկալման հիման վրա բեմադրված ներկայացումը: Այն Հայաստան-Լատվիա համատեղ ներկայացում է, որը, թերևս, հայ հանդիսատեսի համար անսովոր սկիզբ ունի, քանի որ դերասանուհին բեմում հայտնվում է մերկ: ՆՓԱԿ-ի Գեղարվեստական խորհրդի ղեկավար Գագիկ Ղազարէն 168.am-ին փոխանցեց, որ Լատվիայից մնջախաղի թատերախումբը հրավիրել են ՆՓԱԿ-ի 20-ամյակի տոնակատարության կապակցությամբ: Ներկայացումն արդեն մեկ անգամ խաղարկվել է, և նախնական գաղափարը, ինչն իրենք ցանկանում էին ցուցադրել` իրագործվել է: Այսօր Լատվիայից ժամանած թատերարվեստի ներկայացուցիչները վարպետության դասեր կանցկացնեն ՆՓԱԿ-ում, իսկ վաղը ներկայացումը կվերախաղարկեն: «Խաղը շատ հետաքրքիր է, հիմնված է ճապոնական Բութոհ թատրոնի և որոշ բիբլիական ավանդական սյուժեի` կնոջ, տղամարդու և տիեզերական համակարգի վրա: Նշեմ, որ համատեղ խաղ է՝ Յուրա Կոստանյանի հետ, այսինքն` Հայաստան-Լատվիա համագործակցության մի դրսևորման ենք հանդիպելու: Ամբողջ պերֆորմենսը խաղարկում են հայ և լատվիացի արվեստագետները: Մեր միջավայրի համար, հնարավոր է, մի քիչ անսովոր բան է տեղի ունենում` արտիստը սկզբում մերկ է հանդես գալիս: Ընդհանուր առմամբ, ներկայացումը շատ պարզ, տիեզերական խնդրի մասին է»,- նշեց Գ. Ղազարէն