
Մի՞թե սրանից հետո պետք է ամենուր հետս տեսախցիկ վերցնեմ ու ամեն շարժումս նկարահանեմ. Կոնտե

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնի Կոնտեն, ով որակազրկվել է 10 ամսով, մեկնաբանել է վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը, ըստ որի պատիժը չի փոփոխվում, հայտնում է Football Italia-ն:
«Ես միշտ ենթարկվել եմ օրենքներին թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս: Այս գործի հենց սկզբից փորձում էի ինձ ճիշտ պահել, չնայած որ ակնհայտորեն իմ դեմ էին դուրս եկել: Ես կյանքում խաղադրույքներ չեմ արել, բայց ինձ դարձրին այս գործի գլխավոր գործող անձը:
Ֆիլիպո Կանոբիոյի՝ իմ դեմ տրված վկայությունը դատարանին բավարարեց, իսկ իմ տված վկայությունը՝ ոչ: Դա անհեթեթություն է: Նրանք պարզապես հավատացին մի մարդու, ով երեքուկես տարի խաղեր էր հանձնում՝ նման կերպ դավաճանելով նաև իր ընտանիքին:
Ի՞նչ եմ անելու հետագայում: Մի՞թե սրանից հետո պետք է ամենուր հետս տեսախցիկ վերցնեմ ու ամեն շարժումս նկարահանեմ: Այսօր սա ինձ հետ եղավ, վաղն էլ կարող է ցանկացածի հետ լինել»,- հայտարարել է Կոնտեն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը