Սոցիալական ոլորտը զերծ կմնա սուբյեկտիվ միջամտությունից
ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաստատվել է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը, որի շնորհիվ կբարձրանա կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը, կհստակեցվի կենսաթոշակային ծրագրերի հասցեականությունը, ինչպես նաև կնվազեն կենսաթոշակի նշանակման և վճարման կապակցությամբ առկա կոռուպցիոն ռիսկերը, պատահական և միտումնավոր սխալների հնարավորությունը։ «Արդյո՞ք շտեմարանի կիրառումը կարող է բացառել բոլոր ռիսկերը»,- ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի այս հարցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հավաստիացրել է, որ բոլոր ռիսկերը ժամանակին վերլուծվել, քննարկվել և արձանագրվել են։
“Բոլոր խնդիրներն իրենց լուծումն են ստանում։ Այլևս բացառվում է գործընթացներին սուբյեկտիվ միջամտությունը։ Տեղեկատվությունն ինքնաշխատ գործելու է, իսկ համապատասխան որոշումները կայացնելու է տեղեկատվական շտեմարանը”։
Նախարարի վկայությամբ նպաստների մասով աշխատանքը ներկայումս ընթանում է։ «Հաշվի առնելով այն, որ մենք անցնում ենք ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգին և արդեն մեկ պատուհանի սկզբունքով է ընդունվելու քաղաքացիների ցանկացած դիմում, քննարկվում է այդ դիմումների ընդունման և ինքնաշխատ մշակման համակարգը, որը վերաբերելու է նպաստներին և մնացած բոլոր սոցիալական ծառայություններին»,- ասել է նախարարը:
ՀՀ վարչապետը խնդիր է դրել շեշտակի բարելավել հաշմանդամության սահմանման ոլորտը, որտեղ նույնպես պետք է ունենանք միասնական տեղեկատվական բազա։ «Այս խնդրին պետք է անդրադառնալ հնարավորին չափ շուտ, որովհետև բողոքներն այստեղից շատ են»,-ասել է Տիգրան Սարգսյանը։
Նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով նախատեսվում է հաշմանդամության սահմանման գործում անցնել սկզբունքորեն նոր մոդելի, որը կլինի ավելի թափանցիկ, առարկայական։ «Սա ևս 2013 թվականի մեր հիմնական առաջնահերթություններից է»,- շեշտել է նախարարը։
Ելենա Կարապետյան