Անակնկալ արդյունքներ՝ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում
Այսօր Եվրոպայում կայացան Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները։ Անակնկալ արդյունքներ գրանցվեցին մի շարք խաղերում։ Հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց Կիևի «Դինամոն», որն արտագնա խաղում առավելության հասավ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ (3։1)։ Բոլոր մասնագետները և բուքմեյքերներն այս խաղում աառվելությունը տալիս էին գերմանացիներին, սակայն Յուրի Սյոմինի սաներն ապացուցեցին հակառակը։
«Բազելը» սեփական հարկի տակ նույնպես անակնկալ պարտություն կրեց ռումինական «Կլուժից» (1։2)։ Ֆրանսիական «Լիլը» Դանիայում կայացած խաղում նվազագույն 1։0 հաշվով պարտություն կրեց «Կոպենհագենից» և հիմա սեփական հարկի տակ ստիպված կլինի երկու գնդակ ուղարկել մրցակիցների դարպասը։ Նշենք նաև շոտլանդական «Սելտիկի» հաղթանակը «Հելսինգբորգի» հետ արտագնա խաղում (2։0)։
Բորուսիա (Մյունխենգլադբախ, Գերմանիա) – Դինամո (Կիև, Ուկրաինա) 1։3
1։0՝ Ռինգ (13ր․), 1։1՝ Միխալիկ (28ր.), 1։2՝ Յարմոլենկո (36ր․), 1։3՝ Լյուկ դե Յոնգ (81ր․, ինքնագոլ)
Հելսինգբորգ (Շվեդիա) – Սելտիկ (Շոտլանդիա) 0։2
0։1՝ Քոմոնս (2ր․), 0։2՝ Սամարաս (75ր․)
Կոպենհագեն (Դանիա) – Լիլ (Ֆրանսիա) 1։0
1։0՝ Սանտին (38ր.)
Բազել (Շվեյցարիա) – Կլուժ (Ռումինիա) 1։2
1։0՝ Շտրելեր (44ր.), 1։1՝ Սուգու (66ր.), 1։2՝ Սուգու (71ր․)
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության էր հասել թուրքական «Ֆեներբահչեի» նկատմամբ։
Հիշեցնենք նաև, որ վաղը կհանդիպեն․
Դինամո (Զագրեբ, Խորվաթիա) – Մարիբոր (Սլովենիա)
Մալագա (Իսպանիա) – Պանատինաիկոս (Հունաստան)
ԱԷԼ (Կիպրոս) – Անդերլեխտ (Բելգիա)
Բրագա (Պորտուգալիա) – Ուդինեզե (Իտալիա)
ԲԱՏԷ (Բելառուս) – Հապոել (Իսրայել)
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը