Բաժիններ՝

Փորձում են ստեղծել անվտանգ հերոին

«Գիտնականները փորձում են ստեղծել հերոին, որը թմրադեղային կախվածություն չի առաջացնի»,- գրում է իսպանական «El Pais»-ը: Թերթը հիշեցնում է, որ ի սկզբանե հերոինը և նմանատիպ այլ միջոցները ստեղծվել են բարի նպատակներով` որպես հանգստացնող պրեպարատներ: «Սակայն հետագայում ի հայտ եկան մտահոգիչ հատկություններ` դրանք կախվածություն են առաջացնում»,- գրում է թերթը` անդրադառնալով ավստրալիական և ամերիկյան գիտնականների կողմից ներկայումս իրականացվող մի հետազոտության, որի շնորհիվ՝ թմրանյութեր պարունակող միջոցները կարող են վերադառնալ իրենց նախկին` «բարի նշանակությանը»: «Ադելաիդայի և Կոլորադոյի համալսարանի գիտաշխատողները առնետների վրա փորձեր են իրականացրել և նկարագրել են քիմիական միջոցի նկատմամբ ուղեղի անհամարժեք ռեակցիան»,- նշված է «El Pais»-ի հոդվածում, ըստ որի՝ և՛ թույլատրված, և՛ արգելված թմրանյութերը` ծխախոտից մինչև հերոին, կտրուկ բարձրացնում են «դոպամին» կոչվող նյութի մակարդակը մարդու օրգանիզմում: Հենց «դոպամինն» է մարդու ուղեղում առաջացնում հաճույքի զգացում: Եվ երբ օրգանիզմը հարմարվում է «դոպամինի» ավելցուկի հետ, առաջանում է կախվածություն: «Սինթետիկ հիմքով թմրանյութերի դեպքում կա ևս մեկ գործոն. օրգանիզմը դրանց արձագանքում է այնպես, ինչպես բացիլներին` արտադրելով հակամարմիններ»,- գրում է թերթը: Այս ուսումնասիրության արդյունքում գիտնականները արձանագրել են. «հենց հերոինի ու հակամարմինների (կոնկրետ TLR4 հակամարմնի) միավորումն է, որ առաջացնում է «դոպամինի» գերարտադրություն, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է կախվածության»: Գիտնականները սկզբում առնետներին «նստացրել են հերոինի վրա», այնուհետև փորձել են վերացնել կախվածությունը թմրանյութերի գերդոզավորման դեմ օգտագործվող «Նալոքսոնա» կոչվող դեղամիջոցի օգնությամբ: Ուսումնասիրության հեղինակները բացահայտել են, որ «Նալոքսոնան», հակամարմնի փոխարեն, միավորվում է հերոինի հետ: Արդյունքում` ուղեղը շատ թույլ է արձագանքում այդպիսի «կապված հերոինին»: «Ռեակցիան այնպիսին է, ինչպես, օրինակ, սննդի, սեքսի կամ գրկախառնության դեպքում»,- ասել է ուսումնասիրության հեղինակներից մեկը: Ըստ նրա, հենց դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ փորձարկման ենթարկված առնետները դադարել են հիվանդագին կերպով փնտրել թմրանյութ մատակարարող սարքը: Հետևաբար, ըստ գիտնականների՝ «Նալոքսոնան» կարող է օգտագործվել թմրանյութերից կախվածության բուժման համար, իսկ ցավազրկման ուժեղ հատկություն ունեցող հերոինը, ըստ էության, կդառնա անվտանգ դեղամիջոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս