
Մաքսիմ Հակոբյանը պաշտպանելու է ՀՀԿ-ի թեկնածուին

Երեկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հանդիպում է կազմակերպել Սյունիքի մարզպետարանում, որին մասնակցել են մի շարք դպրոցների տնօրեններ և պետական կառույցների ղեկավարներ: Հանդիպման ժամանակ Մ. Հակոբյանը հայտարարել է, որ Կապանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է Հանրապետական կուսակցության անդամ, «Հայփոստի» Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը: Վերջինս 168.am-ի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը` նշելով, որ նման հանդիպում իսկապես եղել է, և Հակոբյանը հայտարարել է իրեն աջակցելու մասին: Հիշեցնենք, որ դեռևս մի քանի շաբաթ առաջ 168.am-ին տված հարցազրույցում Կապանի գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը նշել էր, թե այս ընտրություններում Մ. Հակոբյանը չեզոք դիրքորոշում է ունենալու: Հիշեցնենք նաև, որ ՏԻՄ նախորդ ընտրություններում Ա. Աթայանին աջակցում էր Մ. Հակոբյանը: 168.am-ը փորձեց այս հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալ Մ. Հակոբյանի օգնական Արթուր Հակոբյանից, ով, սակայն, նշեց, թե ինքը գտնվում է արձակուրդում և չի կարող որևէ հարցի պատասխանել: Հիշեցնենք նաև, որ Ա. Հայրապետյանի թեկնածությունը պաշտպանելու է նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով այսօր 168.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատեց այդ տեղեկատվությունը: