Ասանժին կհանձնեն միայն երաշխիքների դեպքում

«Շվեդիան WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին չի արտահանձնի ԱՄՆ, եթե այնտեղ նրան մահապատիժ սպառնա», – ըստ rbc.ru-ի, այսօր հայտարարել է Շվեդիայի արդարադատության նախարարության քրեական գործերի ու միջազգային համագործակցության ծառայության ներկայացուցիչ Սեսիլյա Ռիդսելիուսը` ավելացնելով, որ  մինչ Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու հարցի քննարկումը Շվեդիան ԱՄՆ կառավարությունից պետք է երաշխիքներ ստանա, որ նա որևէ պարագայում մահապատժի չի ենթարկվի: Շվեդ պաշտոնյան ասել է նաև, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը դեռևս Ասանժին արտահանձնելու մասին որևէ պաշտոնական հարցում չի ուղարկել ո’չ Շվեդիայի, ո’չ էլ Մեծ Բրիտանիայի համապատասխան գերատեսչություններին: Հիշեցնենք, որ Ասանժը ներկայումս գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Այդ երկիրը WikiLeaks-ի հիմնադրին քաղաքական ապաստան է տրամադրել, սակայն Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ թույլ չեն տա նրան տեղափոխվել Էկվադոր և ոստիկանությանը չհանձնելու դեպքում կգրոհեն դեսպանատունը և Ասանժին կհանձնեն Շվեդիային :

Տեսանյութեր

Լրահոս