Դիանա Սիրունյանը, հավանաբար, տրախեստոմիայի կենթարկվի այսօր

Քիչ առաջ 168.am-ի հետ հեռախոսազրույցում Սուրեն Սիրունյանի ընկերը` Սամվել Աբովյանը, հաստատեց այն տեղեկությունը, որ Դիանա Սիրունյանին անհրաժեշտ է O(I) Rh− Առաջին կարգի բացասական արյուն: «Էդ հիվանդանոցն ինչ ասես ուզել է` էլ արյուն, էլ պլազմա, նույնիսկ քանակից ավել ենք հասցրել, ասել են` էլ մի բերեք, պահելու հնարավորություն չունենք: Քիչ-քիչ են ուզում, մենք էլ ընկած արյուն ենք ման գալիս: Այսօր ժամը 16:00-ին Դիանային  վիրահատելու են` կողոսկրին վիրահատական միջամտություն են անելու: Արյուն են ուզում, մենք ապահովում ենք: Առողջապահության փոխնախարարը զանգում է ինձ, ասում է` հիվանդանոցն արյան կարիք չունի: Գերեզմանում, թաղման ժամանակ փոխնախարար է զանգում ինձ, ու չեմ էլ հիշում նրա անունը, բայց պատկերացնում եք` մեր վիճակը, մեզ ասում են` ապատեղեկատվություն եք տարածում: Բժիշկները մեզանից արյուն են ուզել: Ես հենց հիմա մտնում եմ հիվանդանոց»,- ասաց Ս. Աբովյան, ըստ որի` անհրաժեշտ արյունն արդեն գտնվել է:

168.am-ի հետ հեռախոսազրույցում  ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը հերքեց լուրը, թե Դիանային արյուն է անհրաժեշտ, ինչպես նաև այն տեղեկությունը, որ նրան  ժամը 16: 00-ին ենթարկելու են վիրահատության: Հ. Դարբինյանի փոխանցմամբ` Դիանայի վիճակը նախորդ օրերի համեմատ վատացել է: «Ունենք որոշակի բացասական արդյունք, այսինքն` արյան հագեցվածությունը թթվածնով փոքր-ինչ պակասել է, և ոսկորների ֆիկսացիան, որ պլանավորել էինք անել, ժամանակավորապես հետաձգեցինք: Հավանաբար, օրվա վերջում կարվի տրախեստոմիա (շնչափողահատում)»,- 168.am-ին փոխանցեց Հ. Դարբինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս