Մխիթարյանի 10 հրաշքներն՝ ըստ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի
Օդեսայում տոնած հաղթանակից հետո Դոնեցկի «Շախտյորը» դարձավ Ուկրաինայի առաջնության միանձնյա առաջատար, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփեց ընթացիկ մրցաշրջանի իր 10-րդ գոլը, ինչին մանրամասն անդրադարձել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Այս անգամ Միրչա Լուչեսկուի սաները ջախջախեցին «Չեռնոմորեցին» (5:1)` տոնելով 5-րդ անընդմեջ հաղթանակն առաջնությունում:
Հենրիխ Մխիթարյանի արագ գոլից հետո մրցակիցը դիմացավ մինչև երկրորդ խաղակես, որից հետո պաշտպանությունը ճեղքվածք տվեց` թույլ տալով հանքափորներին ևս 4 գնդակ ուղարկել դարպասը: Բացի Տեյշեյրայից և Վիլիանից ևս 2 անգամ աչքի ընկավ Մխիթարյանը:
«Չեռնոմորեցի» դարպասն ուղարկած երրորդ գոլը 10-րդն էր հայազգի ֆուտբոլիստի համար ընթացիկ առաջնությունում, ով վստահ գլխավորում է Ուկրաինայի առաջնության ռմբարկուների ցուցակը` 4 գոլով գերազանցելով «Դինամոյի» հարձակվող Բրաուն Իդեյեին:
«Ես գոհ եմ այսօրվա խաղից` հատկապես երկրորդ խաղակեսից: Իհարկե անմիջապես աչքի են զարնվում Մխիթարյանի հոյակապ գործողությունները»,-հանդիպումից հետո ընդգծել է Լուչեսկուն, ում թիմը 6 խաղերում հասցրել է տխրեցնել մրցակցին արդեն 23 անգամ:
«Լավ խոսքերի է արժանի նաև Վիլիանը, ով փոխարինման դուրս գալով` դարձավ գոլի հեղինակ ու 2 արդյունավետ փոխանցում կատարեց: Ու թեև վերջում Ռակիցկին անփույթ գործեց, ընդհանուր ամեն ինչ օրինաչափ էր, մենք արժանիորեն ենք գտնվում մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը