Վալերի Ալեքսանյան. Սա լավ դաս էր մեզ համար
Հայաստան-Բելառուս ընկերական խաղից հետո (1:2) մեր ընտրանու ֆուտբոլիսները հանդերձարանից դուրս գալիս այնքան անտրամադիր էին, որ մեծամասնությունը չցանկացավ զրուցել լրագրողների հետ:
Բացի Ռոման Բերեզովսկուց, մեզ չմերժեց նաև պաշտպան Վալերի Ալեքսանյանը:
-Ինչպե՞ս կմեկնաբանես խաղը:
-Շատ լարված հանդիպում էր: Մենք լավ էինք սկսել, ու մի շարք լավ հնարավորություններ ունեինք, առաջին 30 րոպեներին գոլային պահեր ստեղծեցինք, որ պետք է օգտագործեինք: Պետք է աշխատենք մեր սխալների վրա: Կոպիտ ասած, սա լավ դաս էր մեզ համար, որպեսզի պատրաստվենք մյուս խաղերին ու ճիշտ մոտենանք Աշխարհի առաջնության ընտրական փուլին:
-Հաշիվն օրինաչա՞փ էր:
-Ոչ, իմ կարծիքով օրինաչափ չէր: Ունենալով 5-6 գոլային պահեր` միայն մեկն ենք օգտագործում, իսկ հակառակորդը երկու պահ ուներ և երկու գոլ խփեց: Այնպես որ նման հաշիվը չի կարող օրինաչափ լինել:
-Իսկ ո՞րն էր պատճառը, որ մենք մեր պահերը չկարողացանք իրացնել:
-Ինչ-որ տեղ մեր անուշադրությունն էր պատճառը: Ավելի շատ, կարծես, մտածում էինք գոլ խփելու մասին: Մտքերը միայն դրա վրա էինք կենտրոնացրել:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը