Բաժիններ՝

Մեր օլիմպիականները վերադարձան Լոնդոնից (լուսանկարներ)

50-ից ավելի երկրպագուներ «Զվարթնոց» օդանավակայանում երգ ու պարով դիմավորեցին հայ օլիմպիականներին: Մեդալներ նվաճած մեր երեք մարզիկները` Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանն արժանացան պատվո դափնեպսակների:

Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն, արցունքները դժվարությամբ թաքցնելով, ասաց, որ իր երջանկությանը չափ չկա և իր կյանքի ամենաուրախ պահերն է ապրում ու միայն Երևանում գիտակցեց իր նվաճած մեդալի արժեքը: Հռիփսիմեն անընդհատ կրկնում էր, որ ինքը երջանիկ է:

Մեր մյուս բրոնզե մեդալակիրը` հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, նշեց, որ ինքը գոհ չէ իր ցուցադրած արդյունքից և Օլիմպիական խաղերում չկարողացավ ինչպես հարկն է դրսևորել իրեն: Այդուհանդերձ, Արթուրը նույնպես չէր թաքցնում ուրախությունը:

Իսկ արծաթե մեդալակիր Արսեն  Ջուլֆալակյանի տրամադրությունն ամենբարձրն էր, նա ողջագուրվում էր բոլորի հետ, շնորհակալություն հայտնում և կատակում երկրպագուների ու լրագրողների հետ:

ՀՀ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանն իր հերթին նշեց, որ թեև Լոնդոնում Հայաստանի օլիմպիական հավաքականն ավելի բարձր տեղ է զբաղեցրել, քան Պեկինում, բայց անպայման փոփոխություններ և հրաժարականներ կլինեն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս