Կական այս պահին իր աշխատավարձի գերին է. ՖԻՖԱ գործակալ
ՖԻՖԱ-ի գործակալ Էրնեստո Բրոնցետին, ով աշխատում է մի շարք իսպանական և իտալական ակումբների հետ, լրագրողների հետ զրուցել է մի քանի տրանսֆերային լուրերի շուրջ:
Մասնավորապես Բրոնցետին մեկնաբանել է Ֆերնանդո Լյորենտեի հնարավոր տեղափոխությունը Բիլբաոյի «Ատլետիկից» Թուրինի «Յուվենտուս» և Կակայի տրանսֆերը` «Միլան»:
«Լյորենտեն հաջողությամբ կարող է խաղալ Իտալիայում, բայց Պրիմերայի բոլոր ներկայացուցիչներն Ա սերիայում միշտ իրենց հնարավորություններից ցածր են հանդես եկել իրենց մենթալիտետի պատճառով: Չգիտեմ ինչու, բայց նրանց մոտ ոչինչ չի ստացվում:
Նայեք «Ռոմայի» խաղացող Բոյան Կրկիչին և Խոսե Անխելին: Նրանք ամենևին տպավորիչ չեն: Կարելի է մտաբերել նաև Գաիսկա Մենդյետայի օրինակը «Լացիոյում»: Հուսով եմ, որ եթե թուրինցիներն, ամեն դեպքում, ձեռք բերեն իսպանացի խաղացողին, նա ցույց կտա, թե ինչի է ընդունակ:
Ինչ վերաբերում է բրազիլացի Կակային, այժմ Իտալիայում ոչ ոք չի կարողանա նրան վճարել այն աշխատավարձը, որը նա ստանում է «Ռեալում»: Երբ մադրիդցիները ստիպված լինեն հրաժեշտ տալ նրան, «Միլանը» լավ հնարավորություն կունենա, բայց Կական այս պահին իր աշխատավարձի գերին է:
Այս պահին հավանականությունը, որ «Միլանը» պայմանագիր կստորագրի Կակայի հետ, ես գնահատում եմ 0,001%»,-Բրոնցետիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը