Մանչեսթեր Սիթին` Անգլիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվեց Անգլիայի սուպերգավաթի համար «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայությունը: Գավաթին տիրացան Անգլիայի չեմպիոնները` 3:2 հաշվով հաղթելով «ազնվականներին»:
Չնայած որ խաղն ավելի ակտիվ սկսեցին «Սիթիի» ֆուտբոլիստները, հանդիպման հաշիվը բացեց «Չելսին»: Հանդիպման 40-րդ րոպեին Չեմպիոնների լիգայի գավաթակրին առաջ մղեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Տորեսը, սակայն ընդամենը երկու րոպե անց Բրանիսլավ Իվանովիչը «կապույտներին» դրեց ծանր դրության մեջ` ստանալով կարմիր քարտ կոպիտ խաղի համար:
Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթին» օգտվեց թվային առավելությունից և Յայա Տուրեի, Տևեսի ու Նասրիի ջանքերով երեք անգամ գրավեց «Չելսիի» դարպասը: Թվում էր` Անգլիայի չեմպիոնը հեշտ հաղթանակ կտոնի, սակայն խաղավարտից 10 րոպե առաջ փոխարինման մտած Բերթրանը կրճատեց հաշվի տարբերությունը: Չնայած «Չելսիի» գործադրած բոլոր ջանքերին, «Սիթին» կարողացավ պահպանել հաղթական հաշիվը և տիրացավ Անգլիայի սուպերգավաթին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը