Մրցավարները խլեցին Դավիթ Սաֆարյանի հաղթանակը. Լոնդոն 2012
Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին մարզիկը` մինչև 66 կգ քաշային կարգում հանդես եկող ազատ ոճի ըմբիշ Դավիթ Աֆարյանը քառորդ եզրափակչում ցավալի պարտության կրեց Ղազախստանի ներկայացուցիչ Ակժուրեկ Տանատարովից և այժմ միայն մրցակցի եզրափակիչ դուրս գալու դեպքում բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք կստանա:
Պարտությունը ոչ միայն ցավալի էր, այլև` կասկածելի: Առաջին 2 մրցափուլերում ըմբիշները մեկական հաղթանակ տարան, իսկ որոշիչ մրցափուլի վերջնամասում Սաֆարյանը հնարք կատարեց, որից հետո Տանատարովին թույլ տվեց 1 միավոր վաստակել և մրցավարները հաղթանակը շնորհեցին մեր մարզիկին: Սակայն մրցակցի մարզիչը բողոքարկեց և մրցավարները մի քանի անգամ կրկնապատկերը դիտելուց հետո Ղազախ ըմբիշին 1 միավորի փոխարեն 2-ը շնորհեցին, ինչը նշանակում է, որ կիսաեզրափակիչ դուրս եկավ հենց Տանատարովը: Եվ պատահական չէ, որ վերջում մեր մարզիկը հրաժարվեց ձեռքը տալ մրցավարին:
Հիշեցնենք, որ մեր մարզիկը 1/8 եզրափակչում պետք է ուժերը չափեր Եգիպտոսի ներկայացուցիչ Աբդու Օմար Աբդու Ահմեդի հետ, սակայն մրցակիցը գորգ դուրս չեկավ և Դավիթն առանց պայքարի մտավ քառորդ եզրափակիչ:
Հետևե՛ք մեր մարզիկների ելույթներին SportArmenia-ի այս էջում, որի արագ թարմացումների շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ Օլիմպիական խաղերում նրանց ցուցադրած արդյունքներին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը