Օլիմպիական գլխավոր անակնկալը. Մեքսիկան՝ ֆուտբոլային մրցաշարի հաղթող. Լոնդոն 2012 (տեսանյութ)
Օլիմպիական գլխավոր անակնկալը գրանցվեց տղամարդկանց ֆուտբոլի մրցաշարում: Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Բրազիլիայի հավաքականը չկարողացավ հակախաղ գտնել պրագմատիկ, բայց ճշտապահ Մեքսիկայի հավաքականի դեմ:
Գոլ բաց թողնելով հենց առաջին րոպեին՝ Բրազիլիան կորցրեց իր դեմքն ու ընդհանրապես նման չէր այն հավաքականին, որը մրցաշարի բոլոր խաղերում 3 գոլ էր ուղարկել մրցակիցների դարպասը: Խաղադաշտում չէին երևում Նեյմարը, Լեանդրո Դամիանը, Օսկարը:
Այսօր Բրազիլիան կորցրեց հերթական շանսը Օլիմպիական խաղերում հաղթելու համար: Հիշեցնենք, որ սա միակ մրցանակն է, որ պակասում է «պենտակամպիոնների» հսկայական հավաքածուում:
Պերալտան կարողացավ երկու գոլ ուղարկել Բրազիլիայի դարպասը, իսկ դրան մեկ անգամ պատասխանեց Հալկը՝ 90-րդ րոպեին:
Այսպիսով, բրազիլացիները օլիմպիական ոսկուն պետք է սպասեն ևս 4 տարի, և միգուցե հենց Բրազիլիայում հնարավոր կլինի հանել այս անեծքը:
Իսկ բրոնզե մեդալը ֆուտբոլային մրցաշարում բաժին հասավ Հարավային Կորեային, որը 2-0 հաշվով առավելության հասավ Ճապոնիայի նկատմամբ:
Բրազիլիա-Մեքսիկա 1-2
Գոլերը՝ Պերալտա (1′, 75′) – Հալկ (90՛)
Պերալտայի գոլերը
Հալկի գոլը
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը