Մենք մաքուր ենք. Կատաղած Բոլտի արձագանքը Կարլ Լյուիսին
Զայրացած Ուսեյն Բոլտը երեկ երեկոյան հրապարակավ հայտարարել է, որ իրենք «մաքուր են» ու խթանիչներ չեն օգտագործում, հայտնում է The Sun-ը:
Նշենք, որ ավելի վաղ Օլիմպիական խաղերի 9-ակի չեմպիոն լեգենդար Կարլ Լյուիսը կասկածի տակ էր դրել ճամայկացի մարզիկների նվաճումները՝ կարծիք հայտնելով, որ նրանց դոպինգ ստուգումները չեն կատարվում պատշաճ մակարդակով:
Հիշեցնենք, որ ճամայկացիների մենաշնորհը վազքի մրցումներում շարունակվեց Լոնդոնում, որտեղ 100 մ ու 200 մ վազքատարածություններում հաղթող դարձավ հենց Ուսեյն Բոլտը, իսկ Յոհան Բլեյքը երկու դեպքում էլ դարձավ փոխչեմպիոն:
Ու կատաղած Բոլտը հայտարարել է. «Առանց որևէ կասկածի, Ճամայկայի թիմը լիովին «մաքուր» է: Մենք քրտնաջան աշխատում ենք, ամբողջ օրն իրար հետ ենք անցկացնում ու ամեն օր տեսնում ենք մյուսի կատարած աշխատնանքը: Մենք մեզ ենք զոհաբերում: Ես տեսնում եմ, թե ինչ աշխատանք ենք կատարում, որ լինենք լավագույնը, ու մենք հենց հիմա լավագույնն ենք: Երբ մարդիկ կասկածում են մեզ, շատ դժվար է, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ ցույց տանք աշխարհին, որ ամենաարագն ենք:
Սրանից հետո ես լիովին կորցրի հարգանքս Լյուիսի հանդեպ, ամբողջ հարգանքս: Կարծում եմ՝ նա պարզապես ուշադրության է ձգտում, քանի որ հիմա ոչ ոք նրա մասին էլ չի խոսում»:
Լյուսը հայտարարել էր, որ իր համար Բոլտը մեծագույն մարզիկ է, բայց մյուսների մասին ասել էր, որ շատ կասկածելի է, երբ 10.03 վայրկյանում 100 մ վազող մարզիկը ընդամենը մեկ տարում կարողանում է հասնել 9.69 արդյունքի:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը