Հենրիխ Մխիթարյանը՝ Վորսկլայի հետ առաջիկա խաղի մասին
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Վորսկլայի» հետ Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրից առաջ զրուցել է ակումբի պաշտոնական կայքի լրագրողի հետ։ Հիշեցնենք, որ խաղը կկայանա վաղը՝ օգոստոսի 12-ին։
-Հենրիխ, դու միշտ ուշադիր հետևում ես մրցակից թիմերին։ Ի՞նչ կարող ես ասել առաջնությունում «Վորսկլայի» մեկնարկի մասին։
-Նրանց մոտ, կարծես, ճգնաժամ կա։ Սակայն նրանք խաղալու են «Դոնբաս Արենայում» «Շախտյորի» դեմ, իսկ նման դեպքերում բոլոր թիմերը հատուկ են տրամադրվում։ Եվ հաճախ տրամադրվելու համար չեն խանգարում այն արդյունքները, որոնք թիմը ցուցադրել է մինչ այդ։ «Վորսկլան» պաշտպանվելու է, ինչը նշանակում է, որ մեզ հեշտ չի լինելու։ Մենք պետք է գտնենք տարածություններ, արագ գոլ խփենք, որպեսզի հետո ավելի հեշտ լինի։
-Իսկ թիմի մարզավիճակի վրա ի՞նչ ազդեցութոյւն է ունեցել «Սպարտակի» հետ չորեքշաբթի օրը կայացած ընկերական խաղը։
-Միսթերը գիտի, ինչ և ինչպես անել։ Նա մեծ ֆուտբոլային փորձ ունի և ամեն ինչ հաշվարկում է՝ երբ անել մարզումը, երբ խաղալ, երբ պետք է մարզվեն նրանք, ովքեր չեն մասնակցել խաղին։ Նա շատ լավ գիտի, թե թիմն ինչ մարզավիճակում կմոտենա խաղին։
-Եվրոպա լիգայի երեկվա արդյունքները տխրեցրի՞ն։
-Չի կարելի ասել, թե «Տրոմսյոն» «Մետալուրգից» ուժեղ էր և ավելի լավն էր։ Ուղղակի նրանք օգտագործեցին իրենց պահը և հաղթեցին 1։0 հաշվով։ Ափսոս էր նաև «Արսենալը»՝ 5 գնդակ խփեցին, բայց առաջ չգնացին։ Սակայն ինչ արած, սա ֆուտբոլ է։ Պետք է շարունակել աշխատել, գլուխը բարձր պահել և չմտածել պարտությունների մասին, դա արդեն պատմություն է։ Պետք է տրամադրվել առաջնության խաղերին, պայքարել, որպեսզի հաջորդ տարի կրկին հայտնվեն եվրագավաթներում։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը