Արազ Օզբիլիս. Ուրախ եմ Կուբան տեղափոխվելու համար
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը 4 տարով պայմանագիր է կնքել Կրասոնդարի «Կուբանի» հետ, որտեղ հանդես է գալիս մեր ընտրանու մեկ այլ կիսապաշտպան Մարկոս Պիզելլին և առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարվի նաև Դավիթ Մանոյանի տրանսֆերի մասին:
Պայմանագիրը ստորագրելուց հետ Արազ Օզբիլիսը հայտարարել է. «Շատ ուրախ եմ «Կուբան» տեղափոխվելու համար: Իմ կարծիքով, «Կուբանը» հրաշալի ակումբ է, որն իր առջև մեծ խնդիրներ է դնում և անընդհատ առաջադիմում է: Ես դիտել եմ թիմի հանդիպումները և կայքերով հետևել եմ լուրերին: «Կուբանի» բոլոր խաղերին 30 000-անոց մարզադաշտը լեփ-լեցուն է եղել: Սա, թերևս, առաջին և ամենակարևոր տպավորությունն է իմ նոր ակումբից», – Օզբիլիսի խոսքերն է մեջբերում «Կուբանի» պաշտոնական կայքը:
Առաջին մարզումն անցկացնելուց հետո Արազը նշել է, որ գոհ է խոտածածկի որակից, ինչպես նաև խոսել է հոլանդական և ռուսական ֆուտբոլի տարբերություններից:
«Հոյակապ մարզադաշտ է, որի խոտածածկը շատ լավն է: Նման պայմաններում տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստը կարող է ցուցադրել իր ողջ կարողությունները:
Հոլանդիայում ավելի մեծ ուշադրություն են դարձնում գրոհների և գնդակով արագ տեղաշարժվելու վրա: Այստեղ շեշտը դրվում է ֆիզիկական պատրաստվածության վրա, թիմերն ավելի ուժային ֆուտբոլ են խաղում: Այդուհանդերձ, ֆուտբոլի իմսատն ամեն տեղ նույնն է. ամենակարևորը գոլերն և հաղթանակները, այդ պատճառով էլ չեմ կարծում, որ հարմարվելու խնդիր կունենամ»,- հավելել է Արազը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը