Բաժիններ՝

Արթուր Հարությունյան. Իմ երազանքն իրականություն դարձավ

Գյումրու «Շիրակի» դարպասապահ Արթուր Հարությունյանն այսօր, առաջին անգամ իր կարիերայի ընթացքում, հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք կսկսի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ պատրաստվելու է օգոստոսի 15-ին «Հանրապետական» մարզադաշտում Բելառուսի հետ ընկերական հանդիպմանը: Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում Արթուրը կիսվել է իր զգացմունքներով:

– Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար, որ ինձ հնարավորություն է տրվել: Երբ իմացա այդ լուրը, շատ ուրախացա: Անբացատրելի զգացողություններ են: Չէ՞ որ դա երազանք է ցանկացած ֆուտբոլիստի համար: Իսկ իմ երազանքն արդեն իրականացավ:

– Դու երկար տարիներ հանդես ես եկել Հայաստանի ակումբներում, սակայն, ելույթ ունենալով «Շիրակում», ընդամենը 6 ամսից առաջին անգամ հրավիրվեցիր ազգային հավաքական…

– Այո, իմ ֆուտբոլային կարիերայի ընթացքում ես շատ թիմերում եմ հասցրել խաղալ, բայց, հանդես գալով «Շիրակում», ես ստացա այդ հնարավությունը:  Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանը, մարզիչներին եւ հատկապես Վարդան Բիչախչյանին, որ հավատացին ինձ, որ վստահեցին իմ ուժերին եւ արդյունքը, կարծում եմ, բոլորի համար էլ ուրախալի է:

– Արթուր, կրկին անգամ շնորհավորում  ենք եւ ցանկանում ենք հաջողություն: Վստահ ենք, որ կարդարացնես բոլոր սպասելիքները:

– Շնորհակալություն, առաջ Աստված:

 

Լուսանկարը` «Շիրակի» պաշտոնական կայքի

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս