Օբաման ու առաջին աֆրոամերիկացի ստրուկը ազգականներ են
Գենետիկայի մասնագետները հաստատել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Վիրջինիայից սերող ստրուկ Ջոն Պանչի միջև ազգակցական կապը: Որոշ գիտնականներ Պանչին համարում են Ամերիկայի տարածքում ստրկության ենթարկված առաջին ամերիկացին: «Օբաման մոր կողմից ազգակցական կապ ունի Պանչի հետ, որը ստրկության է ենթարկվել 1640 թ.»,- Los Angeles Times-ին ասել է մի քանի տարի շարունակ ԱՄՆ նախագահի տոհմածառի ուսումնասիրությամբ զբաղվող Ancestry.com կայքի գենաբան Ջոզեֆ Շամվեյը: «Մեր երկրի պատմության ամենանշանավոր երկու աֆրոամերիկացիները զարմանալիորեն ուղղակի կապով կապված են իրար հետ: Շատ հավանական է, որ Ջոն Պանչը կանգնած է եղել ԱՄՆ-ում ստրկության օրինականացման ակունքներում, սակայն դարերի տառապանքից, Քաղաքացիական պատերազմից և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերից հետո նրա` 11-րդ սերնդի ծոռը դարձավ ազատ աշխարհի առաջնորդն ու ամերիկյան երազանքի մարմնավորողը»,- ասել է գենաբանը: Նշենք, որ Ջոն Պանչը պայմանագրային հիմունքներով Վիրջինիայում աշխատել է որպես ծառա և Մերիելենդ է փախել երկու սպիտակամորթ ծառաների հետ միասին: Երբ նրանց հայտնաբերել են, սպիակամորթ ծառաներին պատժել են բանտային կալանքով և կտտանքներով, իսկ Պանչը դատապարտվել է ցմահ ստրկության` որոշ փորձագետների պնդմամբ` դառնալով Ամերիկայի պատմության առաջին աֆրոամերիացի ստրուկը: Հայտնի է նաև, որ Պանչը հետագայում սպիտակամորթ մի կնոջից երկու երեխա է ունեցել, որոնք մորից ժառանգել են ազատ քաղաքացու կարգավիճակ: