
Հեռուստաընկերություններն ուզում են բարեփոխվե՞լ

Այսօր Հանրային խորհրդում Հանրային, «Շանթ», «Արմենիա», «Շողակաթ», «Կենտրոն», «Ար», «Երևան» և «Դար 21» հեռուստաընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է հեռուստաեթերի խնդիրը: Հեռուստաընկերությունների ներկայացուցիչներն ընդունել են հեռուստաեթերի կարգավորման անհրաժեշտությունը` բարձրացնելով բովանդակության, օրենսդրության և գովազդի ոլորտներում առկա խնդիրները:
Մասնավոր հեռուստաընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են հավասար մրցակցության դաշտ ունենալու խնդիրը` ընդգծելով Հանրային հեռուստաընկերության ունեցած պարտականություններն ու պատասխանատվությունը հանրության առաջ: Ըստ aravot.am-ի՝ քննարկման մասնակիցներն առաջ են քաշել պետպատվերի կիրառման գաղափարը և’ Հանրային, և’ մասնավոր հեռուստաընկերությունների համար, իսկ Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանն առաջարկել է Հ1-ում եթերային բարեփոխումներ իրականացմամբ զբաղվող աշխատանքային խումբ ստեղծել Հանրային հեռուստաընկերության և Հանրային խորհրդի միջև: Պայմանավորվել են հեռուստաընկերությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացնել ևս մի քանի նմանատիպ հանդիպում-քննարկում, որոնց արդյուքնում սեպտեմբերին հստակ առաջարկներ կներկայացվեն Հանրապետության նախագահին: